Մամուլ

Արդեն մի քանի օր է՝ ոստիկանությունը փնտրում է Նազիկ Ամիրյանին ու չի գտնում։

Aysor.am-ը գրում է․

ԱԺ պատգամավոր, մի քանի ծանր մեղադրանքով ազատազրկման մեջ գտնվող Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին, ոստիկանները փնտրում են, բայց դեռ չեն գտել, Aysor.am-ին տեղեկացրեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը։

«Նազիկ Ամիրյանի որոնողական աշխատանքները շարունակվում են», – ասաց Ջանոյանը։

Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ ՀՔԾ քննիչի որոշմամբ Նազիկ Ամիրյանին ձերբակալելու որոշում է կայացվել, ինչի հիման վրա էլ ոստիկանությունը պետք է ձերբակալեր Ամիրյանին։ Սակայն արդեն մի քանի օր է՝ նրան գտնել չի հաջողվում։

Aysor.am-ը փորձեց Ամիրյանի հեռախոսահամարին զանգել, սակայն նա անհասանելի էր։

Նշենք, որ գեներալ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի զենք, զինամթերք պահելու և խոշոր չափի հափշտակություններ կատարելու համար։

Դեռևս խորհրդարանում Գրիգորյանին պատգամավորական անձենռմխելիությունից զրկելու մասին միջնորդությունը ներկայացնելիս ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը տեղեկացրել էր, որ ապօրինի զենք, ռազմամթերք պահելու գործի շրջանակներում կասկածյալներ են նաև Գրիգորյանի մերձավորները, մասնավորապես՝ նրա որդին, կինը։ Որդու՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նկատմամբ արդեն իսկ կա առաջադրված մեղադրանք։ Այս գործի շրջանակներում նույն մեղադրանքով կալանավորվել է նաև Նազիկ Ամիրյանի ազգականը՝ Արմեն Հակոբյանը։

Աղբյուր՝ Aysor.am

Կիսվել նյութով