Մամուլ

Արամ Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել. նա Թուրքիայո՞ւմ է գտնվում

ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:

ՀՀ ոստիկանությունը տեղեկացրել է, որ ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ նրան հայտնաբերելու եւ նախաքննական մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Ըստ որոշ տեղեկությունների` Արամ Հարությունյանը գործով անցնող իր համախոհներից մեկի հետ գտնվում է Թուրքիայում:

Նրա պաշտպան Կարեն Հակոբյանը, սակայն, մեր զրույցում պնդեց, որ Արամ Հարությունյանը իր իմանալով գտնվում է Հայաստանում, իսկ Թուրքիայում գտնվելու մասին տեղեկությունները որպես բամբասանք որակեց:

Մեր հարցին՝ Արամ Հարությունյանի գտնվելու վայրը ՀՔԾ-ին հայտնի՞ է, թե՝ ոչ, ճ՞իշտ է, որ նա Թուրքիայում է գտնվում, ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը ասաց, թե նպատակահարմար չեն գտնում իրենց ունեցած տվյալները հանրայնացնել՝ նախաքննության շահերից եւ քրեական գործի առանձնահատկությունից ելնելով:

Արամ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը (խոսքը այս դեպքում 14 միլիոն դոլարի մասին է)) եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձանպես խոշոր չափերով փողերի լվացում): Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան, որը բավարարվել է:

Աղբյուր՝ armtimes.am

Կիսվել նյութով