ԺամանցՇոու-բիզնես

«Ամուսնանալն ու ամուսնալուծվելը շատ թեթև երևույթ է դարձել. սեր պետք է լինի գիտակցված». Ռոզի Ավետիսովա

«Սեր պետք է լինի գիտակցված»․ այս համոզմանն է դերասանուհի Ռոզի Ավետիսովան, որի հետ  Tert.am Life-ն անկեղծ զրույց է ունեցել։ Դերասանուհին, որը հիմա լսարանին ներկայանալու հնարավորություն ունի թե՛ թատրոնում, թե՛ ֆիլմերում, մանկուց է այս մասին երազել։

Ասում է` եթե դերասանուհի չդառնար, կնախընտրեր անասնաբույժի մասնագիտությունը, բայց դերասանուհի դառնալը փոքրիկ Ռոզիի երազանքն էր։

Աշխատանքն այնքան կարևոր է Ռոզիի համար, որ կարող է ուրախության կամ տխրության պատճառ դառնալ։ Մշտապես սիրած գործով զբաղվելը նրա կյանքի փոքրիկ հաճույքներից է, գրանցած հաջողությունները` ոգևորության առիթներ։ Նրա համար սիրած աշխատանքով զբաղվելը երջանկության հասնելու բանալիներից մեկն է։ «Երբ դու նաև գնահատված ես, երջանկությունդ կրկնապատկվում է»,– նկատեց նա։

Ռոզին իրեն հաջողակ դերասանուհի է համարում, 10 տարի անց իրեն է՛լ ավելի գեղեցիկ ու հաջողակ է պատկերացնում։

Իր ընտրած մասնագիտությունն ուղեկցվում է տարբեր ասեկոսեներով ու բամբասանքներով։ Սա Ռոզիին բացարձակ չի զայրացնում։ «Ես շատ հանգիստ և ադեկվատ եմ վերաբերվում դրանց։ Երբ մարդը մասնագիտության բերումով հանրային է, ճանաչողությունից փախչել չի կարող։ Մարդիկ կարող են հազար բան խոսել քո մասին, ցանկանալ իմանալ կամ հորինել ավելին։ Դա նորմալ է»,– ասաց նա։

rozi avetisyan

Դերասանուհու անձնական կյանքը, երբեմն, հայտնվում է հանրության ուշադրության կենտրոնում։ Ընտանիք կազմելու հարցում Ռոզին ունի իր տեսլականը. կյանքի կարևորագույն որոշումը պետք է կայացնել միայն երկար ծանրութեթև անելուց և այդ որոշմանը գիտակցված գալուց հետո։

«Ես իդեալական եմ համարում այն ընտանիքը, որտեղ կան սեր ու առողջ փոխհարաբերություն։ Ընտանիքի ճիշտ կառուցման մոդելի հիմքում կայացած մարդիկ  կարող են լինել, որոնք ճանաչում են իրենք իրենց և գիտեն, թե կյանքից ինչ են ուզում։ Մասնագիտություն, տարիք, աշխարհայացք… կարևոր չեն, առաջնահերթն այն է, որ լինի գիտակցված սեր, ոչ թե պատանեկան զգացմունք, որը հիմնված է միայն էմոցիաների վրա։

Ցավոք, հիմա շատ ընտանիքները չունեն ամուր հիմքեր, մեր օրերում ամուսնանալն ու ամուսնալուծվելը շատ թեթև երևույթ է դարձել։ Այդ հարցին մեծ պատասխանատվությամբ չեն վերաբերվում, անգամ, եթե երեխա ունեն։ Ես չափազանց լուրջ եմ ընկալում դա և հասկանում եմ, որ երկար ծանրութեթև անելուց հետո միայն պետք է գաս այն մտքին` արդյոք պատրաստ ես կյանքիդ մյուս մասն ապրել տվյալ մարդու հետ»,– շեշտեց նա։

«Սեր առաջին հայացքից» ասվածը, ըստ Ռոզիի, սիրահարվածությունն է, որովհետև սերն ավելի խորը երևույթ է։ «Ինձ համար առաջին հայացքից դա ինչ-որ ներքին տագնապ ու անհանգստություն է, որը հարաբերությունները շարունակելու դեպքում կարող է վերածվել սիրո»,– կարծում է դերասանուհին։

Դերասանուհի չդառնալու դեպքում անասնաբույժի մասնագիտությունն ընտրելը հենց այնպես չէր լինի։ Ռոզին շատ է սիրում կենդանիների և նրանց հանդեպ ագրեսիվ վերաբերմունքը կարող է հունից հանել դերասանուհուն։

rozi avetisyan

Սա միակ երևույթը չէ, որը կարող է հունից հանել Ռոզիին։ Նախան ու շատախոս մարդիկ, հատկապես տղամարդիկ ևս կարող են զայրացնել դերասանուհուն։ «Նախանձն ինձ համար խորթ  երևույթ է։ Եթե անգամ ուրիշի հանդեպ եմ նկատում, կրկին հունից դուրս եմ գալիս։ Բոլորն էլ գիտեն, որ կանայք օժտված են ֆանտաստիկ ինտուիցիայով։ Ես տեսակով շատ բաց ու դրական էներգետիկայով մարդ եմ, ինչի շնորհիվ միանգամիվ նկատում եմ կեղծիքը։ Դրան օգնում է նաև իմ մասնագիտությունը։ Դերասանի մասնագիտության հիմքում բոլորին խաբելն է, արդյունքում ինքդ էլ արագ հասկանում ես` դիմացինը խաղո՞ւմ է, թե՞ անկեղծ է քեզ հետ»,– ընդգծեց Ռոզին։

Շատերն այսօր ձգտում են արտերկրում ապրել ու գործունեություն ծավալել։  Ռոզին իրեն Հայաստանից դուրս չի պատկերացնում։ Բնակության վայրը չէր փոխի, նույնիսկ, եթե ժամանակը հետ տալու հնարավորություն ունենար, թեև դեմ չէր լինի բնակլիմայական պայմանների փոփոխությանը:) Դերասանուհին ձմեռ չի սիրում և կուզեր իր երկրում մշտապես ամառ կամ գարուն լիներ։

Ռոզին առանձնակի ջերմությամբ է հիշում պատանեկության տարիները, երբ ընդգրկված էր սկաուտական խմբում։ Այս դեպքում փոփոխություն կաներ, եթե ժամանակը հետ տալու հնարավորություն ունենար, և չէր հրաժարվի այդ գործունեությունից։

Առհասարակ, նա կարևորում է ժամանակը ճիշտ գնահատելը։ Ասում է` պետք կարողանալ ապրել ամեն պահն ու վայրկյանը, ժամանակը լցնել ոչ թե նյութական երևույթներով, այլ զգացողություններով. «Մի օր ամեն ինչի նկատմամբ հետաքրքրությունն էլ սպառվում է, բայց զգացողությունները մնում և մեզ հարստացնում են։ Հենց այդ հիշողություններն են մեր կյանքը դարձնում ավելի քաղցր, համով, հետաքրքիր»։

Դերասանուհին իրեն  համարձակ է համարում, միաժամանակ ասում է, որ նաև վախկոտ է։ «Այս 2 ծայրահեղությունն իմ մեջ անընդհատ պայքարի մեջ են։ Կան բաներ, որոնք մեծ համարձակությամբ կարող եմ անել, սակայն  շատ ծիծաղելի ինչ–որ բանին կարող եմ վախենալ»,– նկատեց նա։

Աղբյուր՝ tert.am

Կիսվել նյութով