ՄամուլՏեսանյութ

«Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի այս տարվա ընթացքում 330 կմ ճանապարհ բերենք նորմալ վիճակի»․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում պետական կառավարման մարմինների պատասխանատուները զեկուցել են վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին: 

Օրակարգի առաջին հարցով Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է գույքագրված ներդրումային առաջարկներին ու դրանց ընթացքին:

Նախարարի խոսքով՝ ներկա դրությամբ կան 56 ներդրումային ծրագրեր. 38 ներդրումային ծրագրեր 1,2 մլրդ դոլար արժողությամբ համարվում են իրատեսական, որոնք գտնվում են ընթացքի տարբեր փուլերում: Մնացած 18 ծրագրերը քննարկման փուլում են: Ըստ նախարարի, ներդրումային նախագծերը վերաբերվում են քաղաքաշինության, էներգետիկայի, արդյունաբերության և այլ ոլորտների:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են նաև ջրամբարաշինության և ճանապարհաշինության առկա նախագծերի գույքագրման ու նոր նախագծեր նախաձեռնելու, մսի և կենդանի գլխաքանակի արտահանման մեխանիզմների աջակցության, ինչպես նաև պտուղ-բանջարեղենի արտահանման սեզոնին պատրաստվելու ուղղությամբ իրականացված քայլերի մասին:

Մասնավորապես, ճանապարհաշինության հետ կապված զեկուցվել է, որ մայիսի 15-ից սկսվել են 85 կմ երկարությամբ ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները, հունիսի 15-ից ևս նոր թափ կհաղորդվի ճանապարհաշինական աշխատանքներին:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է այս ուղղությամբ նախատեսված աշխատանքներն ու ընդգծել. «Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի այս տարվա ընթացքում 330 կմ ճանապարհ բերենք նորմալ վիճակի»:

Կիսվել էջում