Մամուլ

Ալեն Սիմոնյանը լկտի սուտ է ասում, կհանդիպենք դատարանում. Նաիրա Զոհրաբյան

Ալեն Սիմոնյանը լկտի սուտ է ասում, կհանդիպենք դատարանում. Նաիրա Զոհրաբյան

Ազգային ժողովի շենքի մոտ այսօր վաղ առավոտից մի շարք քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում՝ ընդդեմ տրանսգենդեր, «Իրավունքի կողմ» հ/կ նախագահ Լիլիթ Մարտիրոսյանի խորհրդարանում տեղի ունեցած ելույթի։

Նաիրա Զոհրաբյանը, ով այս պահին Ստրասբուրգում է և մասնակցում է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին, անդրադառնալով Ալեն Սիմոնյանի այդ հայտարարությանը, նկատեց՝ դա լկտի սուտ է, որը չի համապատասխանում իրականությանը։

«Այդ լսումները կազմակերպել էր Երևանում ՄԱԿ-ի գրասենյակը, ՄԻՊ գրասենյակը և ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովը։ Հրավերներ ուղարկվել են միայն դեսպաններին, դիվանագիտական կորպուստի ներկայացուցիչներին և այն անձանց, որոնք ելույթներով պետք է հանդես գային։

Զեկույցի օրակարգը տեղադրվել է ԱԺ կայքում, և օրակարգում եղել է երեք ենթաբաժին՝ դատաիրավական բարեփոխումներ, երեխաների խնդիրները մանկատներում և այլ հաստատություններում, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները, և այն հասարակական կազմակերպությունները, որոնք ասելիք են ունեցել այդ խնդիրների վերաբերյալ, զանգահարել են հանձնաժողով և գրանցվել են։

Այն թուղթը, որը Ալեն Սիմոնյանը թափահարում էր, ոչ թե հրավեր էր, այլ նրանք են, որոնք զանգահարել են հանձնաժողով և ասել են՝ օրակարգում եղած երեք խնդիրների հետ կապված ասելիք ունեն։ Դա հրավեր չէր, ուստի պարոն Սիմոնյանը լկտի և անամոթ սուտ է ասում։ Պահանջում եմ, որ նա հրապարակի կոնկրետ «Իրավունքի կողմ» հ/կ-ին ուղարկած իմ հրավիրատոմսը. եթե չհրապարակեց, ապա ստիպված կլինեմ իրավական դաշտում պահանջել այն հրապարակել»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ ո՛չ ինքը, ո՛չ էլ որևէ այլ մարդ չէին կարող ԴՆԹ անալիզ անցկացնել կամ բոլոր հ/կ-ներին մեկ առ մեկ հարցնել, թե արդյո՞ք խոսելու են լսումների օրակարգում եղած հարցերից։

«Եթե պարոն Սիմոնյանը չհրապարակի իմ կողմից արված հրավերը, ապա մենք խոսելու ենք իրավական դաշտում՝ դատարանում, ինքը պետք է հրապարակի, որ ես եմ այդ հ/կ-ին հրավիրել խորհրդարան, եթե չհրապարակի, մենք միմյանց հետ կխոսենք իրավական դաշտում՝ փաստաբանի միջոցով։ Սա իմ պատվի ու արժանապատվության հարցն եմ համարում»,- ասաց Ն. Զոհրաբյանը։

Կիսվել նյութով