Մամուլ

ԱԺ նախկին պատգամավորը 14 մլն դոլար կաշառք է ստացել հանքերի լիցենզիաների տրամադրման համար

ԱԺ նախկին պատգամավորը 14 մլն դոլար կաշառք է ստացել հանքերի լիցենզիաների տրամադրման համար։

2015թ. սեպտեմբերի 11-ին պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների ամակցությումբ  հիմնավորվել է, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանը 2008թ. զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը, միաժամանակ որպես «Ընդերքի օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներ» տրամադրող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի մարզերի գունավոր մետաղների թվով 10 հանքերևակումների ուսումնասիրության և շահագործման հատուկ լիցենզիաներ տրամադրելու համար, Ս. Հ.-ից պահանջել և միջնորդավորված եղանակով ստացել է 14մլն ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերով կաշառք:

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Ընդ որում, նշված գումարից 6մլն դոլարը 2008թ. հունվար ամսից մինչև նույն տարվա նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում Ս.Հ.-ն բանկից կանխիկացրել և միջնորդավորված եղանակով է փոխանցել, իսկ մնացած 8մլն դոլար կաշառքը Հարությունյանին փոխանցել է բանկային փոխանցման միջոցով՝ դարձյալ միջնորդավորված եղանակով:

Այնուհետև Արամ Հարությունյանը, այլ երկրում այլ անձանց անուններով բացված բանկային հաշվիներով փոխանցումներ ապահովելու եղանակով, նպատակ ունենալով թաքցնել գումարի հանցավոր ծագումը, օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույք /փողերի լվացում/, այսինքն՝ առերևույթ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված առանձնապես ծանր հանցագործություն:

ՀՀ գլխավոր դատախազը ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություն է ներկայացրել ԱԺ-ին:

Հիշեցնենք, վերջերս ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ բացահայտվելու է այն պատգամավորի անունը, որը Հայաստանի պատմության մեջ ամենամեծ գումարի կաշառքն է ստացել:

Կիսվել նյութով