Մամուլ

Ազնավուրի մահը առեղծվածային է․ բժիշկների և ոստիկանության տեսակետները հակասում են իրար

Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան պատճառը բժիշկների և ոստիկանության համար առեղծված է մնում: Թեև երգիչը կյանքից հեռացել է 94 տարեկան հասակում, սակայն նույնիսկ մահվան նախօրեին զգոն և էներգիայիով լի է եղել և հանդիպել ընկերների հետ: Գրում է Mk.ru-ն:

Հիշեցնենք, որ Շառլ Ազնավուրը մահացել է երկուշաբթի` հոկտեմբերի 1-ի գիշերը, Ֆրանսիայի հարավում գտնվող իր առանձնատանը: Ներկայումս շանսոնյեի մահվան հանգամանքների երկու տարբերակ է դիտարկվում: «Le Parisien» պարբերականի փոխանցմամբ` Ազնավուրը քնի մեջ է մահացել: Իսկ Gala-ի փոխանցմամբ` երգիչը լոգարանում սրտի կաթված է ստացել:

Այս գարնանը Ազնավուրը չեղյալ էր հայտարարել իր շրջագայությունը Ռուսաստանում, երբ Սանկտ Պետերբուրգում փորձերի ժամանակ շանսոնյեի ինքնազգացողությունը վատացել էր: Այդ ժամանակ բժիշկները խոսեցին կասկածվող ստամոքսախոցի մասին: Այնուհետև երգիչն ընկել էր Ֆրանսիայի իր տանը և կոտրել ուսը: Սակայն արագ վերականգնվել էր և շարունակել շրջագայությունը:

Սեպտեմբերի կեսերին նա հանդես եկավ Ճապոնիայում, այնուհետև մտադիր էր ելույթ ունենալ Կիևում: Շառլ Ազնավուրի ընկերը` կոմիկ Միշել Լիբը, Francetvinfo-ի լրագրողին պատմել է, որ կիրակի օրը` երգչի մահվան նախօրեին, բավական երկար ժամանակ է անցկացրել Ազնավուրի հետ:

«Շարլզը հրաշալի վիճակում էր գտնվում, մենք կատակում և ծիծաղում էինք», – պատմել է Լիբը: Շանսոնյեի մեկ այլ ընկեր` հրատարակիչ Ժերար Դավուն Le Parisien- ին տված հարցազրույցի շրջանակներում պատմել է, որ կիրակի երեկոյան Ազնավուրը աշխատել է իր նոր գրքի վրա: Նա նաև նոր ալբոմ էր նախապատրաստում, որը հաջորդ տարի էր թողարկելու:

Աղբյուր՝ ankakh.com

Կիսվել նյութով