«Օլիգարխները նոր Հայաստանում դեռ կարողանում են քաղաքացիների ազատությունը սահմանափակել»

«Օլիգարխները նոր Հայաստանում դեռ կարողանում են իրենց տների հարակից հանրային փողոցներում քաղաքացիների ազատությունը սահմանափակել: Օրենքն է գերակայում-սա նորմա՞լ է:

Տարիներ շարունակ իրենց վարած գործունեությունից հետո ոչ թե թաքնվում են, այլ՝ ասում «մեր փողոցի վրա ոչ մեկ չպիտի կանգնի»: Մի փորձ անցկացրի. առավոտյան, երբ կենտրոն էի գնում, մտքովս անցավ՝ տեսնես էս ապօրինի ու տհաճ պրակտիկան դեռ շարունակվո՞ւմ ա, թե՞ չէ:

Քշեցի մեքենայով մի քանի հայտնի գործարար, նախկին քաղաքական գործիչների տների մոտ: Փողոցի մոտ, առանց որևէ մեկի մուտքն ու ելքը փակելու, կամ թեկուզ մի քիչ խանգարելու, կանգնեցրի մեքենան և իջա:

Որպեսզի հատ առ հատ անուններ չտամ, և չպատմեմ բոլոր դեպքերը, կպատմեմ միայն մեկը. Մոնումենտի կենտրոնում, եթե չեմ սխալվում քաղաքին պատկանող այգու փոխարեն, ինչպես գիտեք կան բազմաթիվ առանձնատներ: Ըստ Բեգլարյան Գագիկի տան դիմաց ինձ մոտեցած երիտասարդների, ոչ մեկի չի կարելի կանգնել, բացի՝ իրենցից:

Կարծում եմ՝ կառավարության «ձեռքերը դեռ չեն հասել» այս երևույթին: Խնդրում եմ ասել, թե ո՞ր պետական մարմինն է այս հարցով զբաղվում, ե՞րբ սա կվերանա և ի՞նչ անեն քաղաքացիները նման դեպքերում, որ իրենց անապահով և ընկճված չզգան իրենց իսկ քաղաքում»- այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրել է Դավիթ Հարությունյանը։