ՔՊ-ն գյուղապետի թեկնածու է առաջադրել 8-ամյա կրթությամբ, 2 անգամ նույն դասարանում մնացածին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. « ՔՊ-ն գյուղապետի թեկնածու է առաջադրել 8-ամյա կրթությամբ, 2 անգամ նույն դասարանում մնացածին։

Հունիսի 9-ին՝ առաջիկա կիրակի, Շիրակի մարզի Սպանդարյան համայնքում գյուղապետի ընտրություններ են: Գյուղացիներն ընտրություն պիտի կատարեն գործող գյուղապետի ու ՔՊ-ական, բայց իբրև անկուսակցական առաջադրված Սայադ Ալմաստյանի միջև:

Գյուղապետի թեկնածու է առաջադրվել մեկն, ով ստացել է ընդամենը 8-ամյա կրթություն, իսկ այդ ընթացքում հասցրել է երկու անգամ մնալ նույն դասարանում:

Գյուղացիները պատմում են, որ Սայադ Ալմաստյանին ՔՊ-ում տեսել ու գնահատել են ոչ թե գիտելիքների, այլ այն բանի համար, որ անցյալ տարի, հեղափոխության օրերին, հարևան  գյուղում մասնակցել է փողոցները փակելու ակցիային և այդ մասին, հեղափոխության հաղթանակից հետո, «հերոսաբար» լուսանկար տեղադրել Ֆեյսբուքի իր էջում:

Գյուղացիների հարցին, թե արդյոք իր կրթությունը բավարարո՞ւմ է` համայնք ղեկավարելու համար, Սայադ Ալմաստյանն ինքնավստահ պատասխանում է․ «Լիքը պարապ գրագետ իսան կա, դրանց կբերեմ ավագանի, օր ընձի խորհուրդ տան, կարևորը  ես եմ հեղափոխության վախտ ճամփա փակե»:

8-ամյա կրթություն ստացած ու էդ ընթացքում երկու տարի նույն դասարանում մնացած հեղափոխական Սայադը հավակնում է դառնալ «գյուղի ռևիզոր»` անգամ չհասկանալով, որ ավագանին ընտրվում է գյուղացիների կողմից, ոչ թե գյուղապետն է նրանց նշանակում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։