«Քնած մարդուն բոլորն էլ կարող են սպանել, բայց դեմ առ դեմ մենամարտել՝ ոչ բոլորն են կարող»․ Ռամիլ Սաֆարովի քրոջը ջախջախած հայուհին հաղթանակը նվիրում է Գուրգեն Մարգարյանին

Կիսվիր ընկերներիդ հետ

Ինչպես արդեն հայտնել ենք՝ օրեր առաջ Թբիլիսիում տեղի ունեցավ «Մարտեր առանց կանոնների» առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացնում էր Կարինե Կարապետյանը, ով մրցում էր Ռամիլ Սաֆարովի քրոջ՝ Ռենա Սաֆարովայի հետ:

Analitik.am-ը զրուցեց Կարինե Կարապետյանի հետ, ով նախ նշեց, որ վատառողջ է եղել. «Նախ ասեմ, որ ես շատ վատառողջ վիճակում եմ գնացել հաղթանակի ետևից»: Կարինեի խոսքերով, երբ նրանք արդեն գորգի վրա էին, Ռենա Սաֆարովան շատ վատ ձևով է դիմավորել իրեն. «Դեռ մենամարտը չսկսած, նա ինձ ամեն ձևով փորձում էր կոտրել՝ հայացքով, թշնամությամբ, բայց դա նրան չհաջողվեց, ես շուտ չեմ հանձնվում: Նա ինձ երևի լավ չէր ճանաչում»:

«Մինչև մենամարտի սկսելը, երբ ինձ ասացին, որ ես պետք է մենամարտեմ Սաֆարովի քրոջ հետ, այն մարդու քրոջ հետ, ով 2004 թվականի փետրվարի 19-ին կացնահարել էր մեր հայ սպային՝ Գուրգեն Մարգարյանին, ես չկարողացա հրաժարվել մենամարտից, որովհետև սա մեր ազգի պատիվն էր»,- ասաց Կարինեն:

Մեր հարցին, թե արդյոք հաղթելու համար լրացուցիչ մոտիվացիա տվեց իրեն այն հանգամանքը, որ նա պետք է մենամարտի Սաֆարովի քրոջ հետ և ում է նվիրում իր հաղթանակը, Կարինեն պատասխանեց. «Երբ իմ մարզիչն ինձ ասաց, որ պետք է մենամարտեմ Սաֆարովի քրոջ հետ, ես ուղղակի հրաժարվել չէի կարող: Ես պետք է մենամարտեի և ցույց տայի, որ քնած մարդուն բոլորն էլ կարող են սպանել, բայց դեմ առ դեմ մենամարտել ոչ բոլորն են կարող, և սա իսկական մենամարտ էր: Ես մենամարտել եմ հաղթելու նպատակով և իմ հաղթանակը նվիրում եմ Գուրգեն Արտուշի Մարգարյանին»:

Հաղթանակած մարզուհին նշեց նաև, որ մարտի ընթացքում Ռենա Սաֆարովան ամեն կերպ փորձում էր կոտրել իր ձեռքը և նա կարող էր հանձնվել, սակայն դա իրեն չխանգարեց. «Ես կյանքի գնով պայքարում էի մեր ազգի հաղթանակի համար, և ինձ ոչինչ չեր կարող խանգարել այդ հաղթանակին հասնելու համար»,-ասաց նա:

Աղբյուր՝ analitik.am

 

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...