Քաղցկեղով հիվանդացած երեխան մեղավոր չէ, որ չի ծնվել Շվեյցարիայում. Աննա Հակոբյանի ելույթը Մալայզիայում

Պետք է վերջ դնել այն իրողությանը, երբ ամբողջ աշխարհում քաղցկեղը հարուստի համար՝ հիմնականում բուժելի, իսկ աղքատի համար՝ անբուժելի հիվանդություն է: Այս մասին նախօրեին Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովում հայտարարել է ՀՀ վարչապետի տիկին, «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը.

«Աշխարհի շատ երկրներում այս հիվանդությունը շարունակում է դատավճիռ լինել, քաղցկեղով հիվանդացած երեխաները շարունակում են մահանալ: Մենք ունենք երկրներ՝ հարուստ եւ զարգացած երկրներ, որտեղ քաղցկեղից մանկական մահացությունը 20 տոկոս է կազմում, եւ ունենք երկրներ, որտեղ 80-90 տոկոս է կազմում: Ահա սա այն վիճակագրությունն է, որ իմ կարծիքով պետք է օր առաջ փոխվի:

Քաղցկեղով հիվանդացած երեխան մեղավոր չէ, որ չի ծնվել Շվեյցարիայում, ԱՄՆ-ում կամ Մեծ Բրիտանիայում, որ կարողանա հաղթահարել իր հիվանդությունը եւ չդատապարտվել մահվան: Իմ խորին համոզմամբ՝ աշխարհում կան բավարար չափով ֆինանսական ռեսուրսներ, որոնք կբավարարեն բոլորին եւ յուրաքանչյուրին՝ անկախ այն բանից, թե որ երկրում է հիվանդը գտնվում: Պետք ընդամենը կենտրոնացնել այդ միջոցները եւ կամք ունենալ դրանք ճիշտ եւ հավասար բաշխելու:

Թեպետ քաջություն է պահանջվում այս նախադասությունն արտասանելու համար, պետք է ասեմ՝ մենք Հայաստանում ձգտում ենք ահա այդպիսի կենտրոն ստեղծելուն՝ սպասարկելու ոչ միայն մեր երկրի բնակիչներին, այլ՝ ողջ տարածաշրջանի: Մենք, իհարկե, չենք կարող դա անել առանց ձեր աջակցության, բայց ուզում եմ նաեւ վստահեցնել, որ ունենք բավարար կամք՝ ձեզ համոզելու, ձեր աջակցությունը ստանալու եւ բարձր մակարդակով այդ խնդիրը լուծելու համար:

Վերջին տարիներին արդեն Հայաստանում մեծ քայլեր են արվել քաղցկեղի հաղթահարման ուղղությամբ: Մեր երկրում մանկական քաղցկեղից մահացությունը 90 տոկոսից նվազել է՝ հասնելով 30 տոկոսի: Եվ մենք կարող ենք այս ցուցանիշներն է՛լ ավելի բարելավել ու համանման առաջընթաց արձանագրել ամբողջ տարածաշրջանում:

Մենք պատրաստ ենք նաեւ մեզ հասանելի բոլոր միջոցներով աջակցել ու նպաստել, որ նման կենտրոններ հիմնվեն այլ տարածաշրջաններում եւս: Ի վերջո՝ պետք է վերջ դնել այն իրողությանը, երբ ամբողջ աշխարհում քաղցկեղը հարուստի համար՝ հիմնականում բուժելի, իսկ աղքատի համար՝ անբուժելի հիվանդություն է:

Տիկնայք եւ պարոնայք, իմ երկրում ինձ սպասում են հարյուրավոր քաղցկեղով հիվանդ երեխաներ եւ մեծահասակներ, եւ ես շատ եմ ուզում նրանց մոտ վերադառնալ լուրով, որ մենք կարող ենք նրանց օգնել հնարավորինս թեթեւ տանել հիվանդության ընթացքը, վերջնականապես հաղթահարել այն եւ լիարժեքորեն ինտեգրվել հանրային կյանքին: Ես շատ եմ ուզում նաեւ առաջինը հայտնել, որ այնպիսի հիվանդանոց կամ կենտրոն, ինչպիսին Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցն է (St. Jude Children’s Research Hospital) կամ Հուսեին թագավորի քաղցկեղի կենտրոնը (King Hussein Cancer Center), կհիմնվի նաեւ մեր տարածաշրջանում, եւ մարդիկ, որոնց դուռը երբեւէ կթակի այդ հիվանդությունը, հնարավորություն կունենան բուժվելու եւ սպասարկվելու ճիշտ այնպես, ինչպես հարուստ ու զարգացած երկրների քաղաքացիները»: