Փաշինյան․ «Քեթրինի Միհրանի բանանային մենաշնորհին ոչինչ չի սպառնում». “Ազատություն”

«Պատրաստակամություն էր հայտնվում, որ համատեղ քննենք բանանի շուկայում տիրող իրավիճակը: Ես, բնականաբար, չէի կարող այդ առաջարկից հրաժարվել: Ես իմ եզրակացությունները չեմ թաքցրել և հայտնել եմ Պետական եկամուտների կոմիտեի նախագահին», – «Ազատության» հետ զրույցում պատմեց պատգամավորը:

ՊԵԿ-ի հրավերից հետո Փաշինյանը ծանոթացել է բանանի ներկրման վիճակագրությանը. թե ինչ ընկերություններ, ինչ քանակի բանան են ներմուծում Հայաստան։ Ըստ այդմ, շուկայի գրեթե 90 տոկոսը պատկանում է 2 ընկերությունների՝ «Քեթրին գրուպ» և «Մելատրոպիկ», որոնք, ըստ Փաշինյանի, դե ֆակտո պատկանում են նույն սեփականատերերին․ – «Դե յուրե դրանք տարբեր ընկերություններ են, հիմնադրվել են տարբեր մարդկանց կողմից և դե յուրե իրար հետ մրցակցում են, դե յուրե ապահովում են վիճակագրություն, որ Հայաստանում, տեսեք, իրավիճակ կա: Եվ ես այդ կապակցությամբ հարցադրում եմ հղել Պետական եկամուտների կոմիտեին, ինչին ի պատասխան ասել են, որ դրանք տարբեր մարդկանց են պատկանում և այլն, և այլն»:

«Սա արդեն իսկ խոսում է մենաշնորհի մասին» ասում է պատգամավորը, ապա անցնում 2-րդ հիմնավորմանը․ դեռ անցյալ տարեվերջին ՊԵԿ-ը հաղորդագրություն տարածեց՝ վստահեցնելով՝ «Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի կարող է անարգել ներկրել ցանկացած ապրանք»։ Ապա պատմեց բանանի ներկրմանը վերաբերող մի ուշագրավ դեպքի մասին: Տնտեսվարողն առանց խնդիրների բանանը ներկրել էր, սակայն խոչընդոտների է հանդիպել Հանրապետության տարածքում։ – «Օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ անհայտ անձինք փորձել էին խոչընդոտել նրա աշխատանքը, բայց տնտեսվարողը ստացել էր աջակցություն և հաջողությամբ իրականացրել ներկրումը», – գրված էր ՊԵԿ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում: Սեփական քննչական վարչություն ունեցող եկամուտների կոմիտեն, այս միջադեպի մասին հետագայում այլևս որևէ հաղորդագրություն չտարածեց։ Մինչ այդ, Փաշինյանն է ՊԵԿ ղեկավարից հետաքրքրվել՝ հետաքննեցի՞ն արդյոք այս միջադեպը։ – «Քրեական գործի հարուցումը փաստի առիթով մերժել է հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ», – պատմեց պատգամավորը՝ շարունակելով, – «Սա շատ կարևոր նրբություն է: Տեսեք՝ ՊԵԿ-ը հաղորդագրություն է տարածել, և ՊԵԿ-ը այն բացառիկ մարմինն է, որը իր կազմում ունի նաև քննչական մարմին: Եվ հետաքննությունը պարզել է, որ այդպիսի դեպք չի եղել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ` azatutyun.am

Կիսվիր ընկերներիդ հետ