Փաշինյանը սխալը սխալի հետևից է անում. Քոչարյանը «ամենահաջողված նախագահներից մեկն է 1990-ականներից հետո․ Ալեքսեյ Մարտինով

Եթե Հայաստանի իշխանություններն օգոստոսի 17-ին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 100 օրվան նվիրված Երեւանից բացի փորձեն հայերով հանրահավաք կազմակերպել նաեւ Ռուսաստանի տարածքում, օրինակ՝ Մոսկվայում կամ Կրասնոդարի մարզում, որտեղ շատ էթնիկ հայեր են ապրում, կարծում եմ դա ոչ միայն չի հասկացվի, այլեւ կլինի Փաշինյանի հանդեպ Ռուսաստանի համբերության լցվող բաժակի վերջին կաթիլը:

Այս մասին «Вести FM» ռադիոկայանի «Бывшие» հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարել է ռուսաստանցի քաղաքագետ, Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը՝ խորհուրդ տալով ՀՀ վարչապետին հանրահավաք կազմակերպել Լոս Անջելեսում, որտեղ 1 մլն-ից ավելի հայ է ապրում: Նրա խոսքով, հնարավոր չէ Հայաստանի խնդիրները լուծել հանրահավաքների միջոցով: «Հայաստանում շատ խնդիրներ կան: Դրանք մարդկանց, ենթակառուցվածքների, լոգիստիկայի ու անվտանգության հետ առնչվող խնդիրներ են: Անվտանգության խնդիրը ես նշեցի վերջում, սակայն դա ամենաառաջնային խնդիրն է:

Այս պայմաններում, Փաշինյանի վարչապետության անցած երեք ամիսները կորսված են: Հենց այնպես, նրան որեւէ մեկը ոչինչ չի տա: Գուցե նա ուներ նման իլյուզիաներ, քանի որ նա ընդդիմադիր պատգամավորի աստիճանից բարձր չէր եղել: Նա երբեւէ իրեն չէր դրել պետության ղեկավարի տեղը: Նա ընդդիմադիր էր, այժմ դարձել է իշխանություն եւ պետք է, որ համապատասխանի այդ դիրքին: Սակայն չի համապատասխանում», – նշեց Մարտինովը: Փորձագետի խոսքով, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար իդեալական «փողոցային առաջնորդ դարձավ» այն ժամանակ, երբ «մարդիկ հոգնել էին իշխանությունից, որը չէր փոխվում»:

«Մարդիկ նրան համակրում էին, եւ գնացին հետեւից: Սակայն դա հենց այդ պահին էր: Պետությունը ղեկավարելու համար պետք են տաղանդ, փորձ եւ գիտելիքներ: Ահա այս ամենը ես չեմ տեսնում: Ավելին՝ նա սխալը սխալի հետեւից է անում: Հանրահավաքների միջոցով Փաշինյանը երկար չի ձգի: Հանրահավաքներով մարդկանց չես կերակրի: Շուտով ձմեռ է», – ասաց նա: Բանն այն է, որ Հայաստանի համար, հատկապես տարածաշրջանային ու արտաքին մարտահրավերների տեսանկյունից իրավիճակը չի փոխվել: «Այո, երկրի ներսում իշխանության կառուցվածքն է փոխվել, մի քիչ է փոխվել, սակայն արտաքին պայմանները նույնն են մնացել:

Պատերազմը կամ դրա վտանգը Ղարաբաղում ինչպես եղել է, այնպես էլ կա, սպեցիֆիկ հարեւանները չեն փոխվել՝ խոսքը Թուրքիայի ու Իրանի, Վրաստանի ու Ադրբեջանի մասին է: Այս պայմաններում պետք է ճանապարհներ փնտրել, ստրատեգիական լուծումներ առաջարկել: Այն, որ նրան (Փաշինյանին) երկու անգամ ընդունել են Սոչիում ԵԱՏՄ-ի համաժողովին ու Մոսկվայում՝ Ֆոտբոլի աշխարհի առաջնությանը… Իհարկե, ԵԱՏՄ-ի առաջնորդներին հետաքրքիր էր տեսնել նրան: Դե տեսան ու խոսեցին: Սակայն այն, թե ինչպես է Փաշինյանը տեսնում ապագան: Սրա պատասխանը չկա: Նա ասում է՝ ես կողմ եմ ամեն լավին՝ ընդդեմ ամեն վատին: Սակայն ի՞նչ է նա կոնկրետ ուզում:

Ոչինչ», – նշում է Մարտինովը: Ստեղծված իրավիճակում, նա հույս ունի, որ արտաքին աշխարհի հետ կոմունիկացիաների հարցում առավել կարեւոր դեր է ունենալու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի օրինակով: «Մենք հիշեցինք նախագահ Դոդոնին, որը չնայած յուր սահմանափակ լիազորություններին, կոմունիկատորի դեր է կատարում: Տեղ-տեղ լավ, տեղ-տեղ՝ վատ, սակայն կատարում է: Իսկ հայե՞րը: Կարծում եմ, ռուսաստայան մեդիա տարածքում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չարդարացված քիչ է ներկայացված: Նա եւս խորհրդարանական պետության պայմաններում ունի քիչ լիազորություններ, սակայն Սարգսյանը շատ փորձառու քաղաքական գործիչ է», – վստահ է ռուսաստանցի փորձագետը:

Այնուհետեւ Մարտինորվը եթերում ներկայացրել է Արմեն Սարգսյանի հանային-քաղաքական կենսագրությունը: «Նա եղել է վարչապետ եւ ՀՀ դեսպանը տարբեր երվորպական երկրներում: Անգամ՝ Վատիկանում: Սարգսյանը նախկինում եղել է աստղաֆիզիկ, գիտնական համաշխարհային համբավով: Այսինքն՝ նա առաջին հերթին գիտնական է, իսկ հետո նոր քաղաքական գործիչ: Շատ փորձ ունի կուտակած եւ հասկանում է՝ ում հետ եւ ինչպես խոսել: Կարծում եմ շատ լուրջ մարդ է եւ հասկանում է՝ ինչ է կատարվում:

Ուշադրությունը պետք է սեւեռել նրա վրա, հատկապես Նիկոլի (Փաշինյանի) դիլետանտ գործողությունների ֆոնին: Ես շատ մեծ հույսեր եմ կապում նախագահ Սարգսյանի հետ եւ խորհուրդ կտայի Փաշինյանին օգտագործել այդ մարդու փորձը, որպես բանակցողի եւ մարդու, որը կարող է ներկայացնել Հայաստանը: Գոնե, նրա խորհուրդները լսել», – խորհուրդ է տալիս ռուսաստանցի փորձագետը: Մեկնաբանելով ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Հայաստանում «Մարտի 1»-ի գործով հարուցված քրեական գործը եւ նրան ձերբակալելու փաստը, Մարտինովը Քոչարյանին անվանել է «ամենահաջողված նախագահներից մեկը՝ 1990-ականների քաոսի ու վակխանալիայից հետո»: «Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիները հիշվում են որպես սարսափի, աղքատության եւ բառիս ուղղակի իմաստով մթի ժամանակշրջան:

Քոչարյանը, որը ղարաբաղյան պատերազմի հերոս է, կարողացավ հաղթել ընտրություններին եւ տնտեսությունը ոտքի հանել, կյանքի որակը բարձրացնել», – նշում է Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրենը: Նրա խոսքով, խնդիրն այլ հարթությունում է: «Հիշենք 2008 թ-ի մարտյան իրադարձությունները: Այդ ժամանակ ընտրությունների արդյունքները վիճարկող Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն էին հրահրել անկարգությունները: Այդ ժամանակ նախագահի պաշտոնում ընտրվեց Սերժ Սարգսյանը, որն այժմ շատ ոչ պոպուլյար է, որից մարդկանց մասսայական հոգնածության պատճառով էլ հնարավոր դարձավ «թավշյա հեղափոխության» կամ պետական հեղաշրջման պատմությունը: Անվանեք ինչպես կկամենաք», – վստահ է նա:

Փարձագետը, հղում կատարելով ՀՀ-ում հնչող կարծինքերին, հարցադրում է կատարում. «Երեւանում շատերն այժմ հայտարարում են, որ եթե դու հանդգնեցիր բանտարկել Արցախի հերոսին, ուրեմն դու թքած ունե՞ս Ղարաբաղի վրա ու պատրա՞ստ ես տարածքներ տալ Ադրբեջանին: Ուստի պետք է հասկանալ, որ հայերի սուպեր սիրո, որը խասխված է Սերժ Սարգսյանի նկատմամբ մասսայական հոգնածության վրա, եւ հիասթափության միջեւ տարածությունը շատ կարճ է: Հիասթափությունն արդեն իսկ հասունանում է: Փաշինյանի ակտիվում՝ փողոցն է ու հաջողված հեղաշրջումը: Եվ վերջ: Այո, ժամանակին նա, որպես Տեր-Պետրոսյանի զինակից, մարտյան անկարգությունների կազմակերպման համար նաեւ մեկ տարի բանտում անցկացրեց:

Սակայն դա չխանգարեց Սերժ Սարգսյանին համաներում հայտարարել եւ դրա արդյունքում նրան ազատ արձակել բանտից, եւ թույլ տալ զբաղվել քաղաքականությամբ», – ասաց նա՝ հավելելով, որ հայաստանյան պայմաններում հենց «թույլ է տրվել» Փաշինյանին զբաղվել քաղաքականությամբ, հակառակ դեպքում նա չեր ապրի ՀՀ-ում: Ալեքսեյ Մարտինովն իր խոսքում նաեւ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այս օրերին Facebook-ում «ալիք» է բարձրացել ռուսական 102-րդ ռազմաբազայի դեմ, որն «իբր թե սահմանափակում է Հայաստանին աշխարհաքաղաքական մանյովրներ անելու հարցում»:

«Այդ «ալիքը» բարձրացրել են Փաշինյանի ոչ վաղ անցյալի կողմնակիցները «Ելք» դաշինքից: Այս դաշինքը նաեւ ԱԺ-ում դրել էր ՀՀ-ի ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիրը: Ի՞նչ աշխարհաքաղաքական մանեւրի մասին եք խոսում: Սա զառանցանք է առկա պայմաններում», – հավելեց փորձագետը: Մեկնաբանելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ «Մարտի 1»-ի գործի շրջանակներում առաջադրած մեղադրանքը, փորձագետն այն գնահատեց, որպես համապետական կառույցների դեմ ուղղված դեմարշ: «Իսկ ի՞նչ կասեն հետո, կասեն, որ դուրս են գալո՞ւ ԵԱՏՄ-ից», – հարցադրում արեց Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը:

Աղբյուր՝ hayacq.com