Փաշինյանը հայ-ռուսական հարաբերություններում խրեց վերջին սեպը

Փաշինյանը հայ-ռուսական հարաբերություններում խրեց վերջին սեպը

Alternativ.am-ը գրում է․ Հաղթանակի 75-րդ տարելիցին նվիրված զորահանդեսում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկա չլինելը, պարզվում է, ունի ավելի խորքային պատճառներ, քան մեզ մատուցվում էր։

Վարչապետ Փաշինյանը նշել էր, որ համավարակով պայմանավորված՝ չի կարող մասնակցել Մոսկվայում կայանալիք զորահանդեսին, և որ հայկական կողմի պատվիրակությունը կգլխավորի ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը։

Մոսկվայի մեր աղբյուրները փոխանցում են, որ Տոնոյանի այցելությունը Ռուսաստան չի սահմանափակվել միայն զորահանդեսին մասնակցելով․ մասնավորապես տեղի է ունեցել հանդիպում Տոնոյանի և Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի միջև։ Հանդիպման ընթացքում Տոնոյանը ընդգծել է, որ փոխանցում է վարչապետ Փաշինյանի առաջարկը, և որ ինքն ընդամենը բանագնաց է։

Խոսքը վերաբերել է ՀՀ-ի տարածքում տեղակայված Ռուսական 102-րդ ռազմաբազայի զորքերի հետ քաշմանը հայ-թուրքական սահմանից։ Զրույցի ընթացքում հայկական կողմը նշել է, որ հայկական ուժերը ի զորու են ապահովելու հայ-թուրքական սահմանի պահպանությունը։ Այս առաջարկը բնականաբար արժանացել է ռուսական կողմի խիստ և կտրուկ վերաբերմունքին, և Տոնոյանը այս մինի-բանակցությունից վերադարձել է և՛ ձեռնունայն, և՛ ռուսական կողմի խիստ բացասական նոտան գրպանում։

Ռուսական կողմը հստակ ընդգծել է, որ նման առաջարկը ընդունվում է որպես հայ և ռուս ժողովուրդների դարավոր եղբայրության դեմ ուղղված քայլ, և որ Կրեմլը երբեք թույլ չի տա եղբայրական ազգերի միջև նման վտանգավոր խաղեր՝ անկախ նրանից, թե ով է այդ պահին Հայաստանի ղեկավարը։

Ռուսական կողմի այս կտրուկ ու բացասական պատասխանից Փաշինյանն անմիջապես «մտցրել է ցեխը Տոնոյանին»՝ նրան մեղադրելով, որ վերջինս չի կարողացել ինչպես հարկն է բացատրել ռուսական կողմին Հայաստանի առաջարկը և որի պատճառով նոր վտանգ է առաջացել հայ-ռուսական բարեկամության առանց այդ էլ ոչ այնքան փայլուն հարաբերություններում։

Փաշինյանն ընդհուպ պահանջել է Տոնոյանի հրաժարականի դիմումը, սակայն ինչ-ինչ պատճառներով պայմանավորված՝ ժամանակավորապես հետ է կանգնել այդ մտքից։

Հայկական կողմի այս «խաղերը» Կրեմլում, պարզ է, որ շատ բացասական են ընկալվում։ Իսկ այն, ինչ առաջարկել է Փաշինյանը՝ կապված 102-րդ ռազմաբազայի՝ հայ-թուրքական սահմանից հետ քաշմանը, ունենալու է հստակ արձագանք ռուսական կողմից։

Այսօր Ռուսաստանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է․ կարելի է ենթադրել, որ հանրաքվեից անմիջապես հետո ՀՀ իշխանությունները կառերեսվեն ռուսական կողմի հստակ արձագանքին, որը, ցավոք, այնքան էլ Հայաստանի պետական շահերից չի բխելու։

Հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրները հասել են մաքսիմումի։ Նույն աղբյուրը տեղեկացրել է ՀՀ և ՌԴ ազգային անվտանգության ծառայությունների միջև օպերատիվ կապի բացակայություն մասին այն օրվանից, երբ ՀՀ ԱԱԾ տնօրեն է նշանակվել Արգիշտի Քյարամյանը։

Այս և նման այլ դրսևորումների քամին, պարզ է, գալիս է արևմուտքից։ Իսկ թե այս վտանգավոր հարաբերությունները մեր ռազմավարական դաշանկցի հետ ինչի կարող են հանգեցնել՝ կտեսնենք մոտ ապագայում, երբ Ռուսաստանը սահմանադրական հանրաքվեից հետո վերադառնա արտաքին քաղաքական դաշտ և սկսի հստակ ցույց տալ իր «սառցե» վերաբերմունքը։

Այսպիսի քաղաքականության արդյունքում, ցավալի է, բայց Հայաստանը զգալու է ռուսական «սառնամանիքը», և այս ամենի միակ մեղավորը, իհարկե, լինելու է Նիկոլ Փաշինյանը։

Աղբյուր՝ Alternative.am