Տպավորություն է, որ Փաշինյանը Քոչարյանի հետ ունեցած իր թշնամական հարաբերությունը փորձում է լուծել՝ ժողովրդին իրար դեմ հանելով

Տպավորություն է, որ Փաշինյանը Քոչարյանի հետ ունեցած իր թշնամական հարաբերությունը փորձում է լուծել՝ ժողովրդին իրար դեմ հանելով։ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, մասնագիտությամբ իրավաբան Գևորգ Պետրոսյանի հետ 168.am-ը զրուցել է վարչապետ Փաշինյանի կոչի, դրան հետևած զարգացումների ու հետևանքների մասին։

– Ի՞նչ ազդեցություն կունենա Նիկոլ Փաշինյանը կոչը Հայաստանի միջազգային հեղինակության վրա։

– Միջազգային հարթակներում այս պրոցեսը Հայաստանի հեղինակությունն էապես նվազեցնելու է, որովհետև Հայաստանն ընկալվելու է՝ որպես մի երկիր, որտեղ, փաստորեն, թղթին է հանձնված իշխանությունների տարանջատման սահմանադրական սկզբունքը, և իրականում այդպես էլ դատական իշխանությունը փաստորեն չի կարողանում ազատվել գործադիր իշխանության ղեկավարի ճիրաններից։ Եվ մարդկանց հորդորել, որ քաղաքացիները գնան զբաղվեն ապօրինությամբ…

Սահմանադրության մեջ գրված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, բայց ժողովուրդն այդ իշխանությունն իրականացնում է կոնկրետ եղանակներով, այսինքն՝ պետական, տեղական, պաշտոնատար անձանց ընտրություններով, ընտրական գործընթացներով։ Ինքն ընտրական գործընթացով ընտրվեց վարչապետ, բա ինչո՞ւ է ոչ ընտրական գործընթացներով շարունակում իր գործունեությունը։ Լրջորեն վտանգված է մեր երկրի հեղինակությունը։

– Ինչպե՞ս կգնահատեք վարչապետի կոչը։

– Իմ անձնական կարծիքով՝ սա վարչապետի պաշտոնական լիազորությունների վերազանցում է։ Մնացածն արդեն իրավապահ մարմինների խնդիրն է, և ես մի քանի անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ ինչպես ներկայիս իշխանությունն է քննում նախորդների գործերը, այնպես էլ վաղը քննելու են իրենց գործերը։ Եվ այսօրվա իշխանությունը պետք է խելամիտ, ողջախոհ գտնվի, տուրք չտա ավելորդ զգացմունքայնությանը և իր գործողություններն ու որոշումներն իրականացնի Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան։ Հայաստանում չկա որևէ նորմատիվ-իրավական ակտի որևէ հոդված, որը իրավունք վերապահի պետական պաշտոնյային կամ քաղաքացուն գնալ ու փակել դատարանների դռները, խոչընդոտել արդարադատության գործընթացին, ընդհանրապես պարալիզացնել դատական մարմնի գործունեությունը։ Եթե որևէ դատավոր խախտել է օրենքը, ապա գոյություն ունի տվյալ դատավորի նկատմամբ օրինական հետապնդում հարուցելու օրինական կարգ։ Բայց չի կարելի, եթե դուք այս կամ այն դատավորի որևէ գործողությունից դժգոհ եք, ապա ամբողջ դատական համակարգը պարալիզացնեք։

Եթե այդպես էր, ապա ինչո՞ւ այդ հրահանգը տրվեց ՀՀ երկրորդ նախագահին ազատ արձակելուց հետո։ Եթե իսկապես այդ խնդիրը կար, ապա դա ավելի շուտ պետք է արվեր։ Այսինքն՝ ստացվում է տպավորություն, որ Փաշինյանը երկրորդ նախագահի հետ ունեցած իր թշնամական հարաբերությունը փաստորեն փորձում է լուծել՝ ժողովրդին իրար դեմ հանելով։ Ես չգիտեմ, որպես պատերազմող երկիր, եթե մենք այս ներքին խնդիրն ունենանք, սա ի՞նչ անուն պետք է ստանա։ Պատմությունը չի ներելու, եթե անգամ հետագայում դատարաններն իրենց ներեն։

– Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն անձամբ չի ղեկավարում այդ ակցիան, դատարանից դատարան չի գնում, որ իրավիճակը վերահսկողության տակ պահի։

– Դա իր ոճն է՝ ամեն ինչը բարդել ժողովրդի վրա, այդ թվում՝ աղքատությունը, գործազրկությունը գլխից հանելը։ Վաղը-մյուս օրն էլ կասի՝ հիվանդությունն էլ ձեր գլխից հանեք, որպեսզի բուժվեք։

– Ի՞նչ հետևանքներ կունենա այս ակցիան մեր ներքին կյանքի համար։

– Պատկերացրեք, որ այսօր մի հանցագործություն կատարած անձի կալանավորելու միջնորդություն պետք է ներկայացվի, և դատարանը չի աշխատում։ Այսինքն՝ այդ մարդը՝ հանցագործը, կարող է պահանջել, որ ինքը պետք է ազատ արձակվի, որովհետև իր կալանքի սանկցիան միայն դատական ակտով պետք է տրվի։ Կամ մեկ այլ օրինակ։ Մարդը աշխատանքից ազատվել է, հայցադիմումը դատարան ներկայացնելու վերջին օրն է, և դատարանը չի գործում։ Նա ստիպված է հետագայում խնդրել, միջնորդել, որ հարգելի համարեն հայցային վաղեմության ժամկետը բաց թողելու հանգամանքը։

Այսինքն՝ այդ տրամաբանությամբ եթե շարունակենք, վաղն էլ այդ նույն վարչապետը կարող է հրահանգել փակել հիվանդանոցների դռները, որովհետև ինչ-որ բժիշկ պատշաճ չի կատարել իր մասնագիտական պարտականությունները։ Վաղը մի ոստիկան կարող է, ասենք, խախտել հասարակական կարգը պահպանելու գծով իր պարտականությունները, հիմա էլ հրահանգի փակել ոստիկանությունը։ Սա պետականակործան գործընթաց է, որի դեմը պետք է առնել։ Իմ կարծիքով՝ այս գործընթացը կարող է զսպվել բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերի, ոչ թե՝ սորոսյան միջոցներից սնվող, այլ՝ քաղաքական լուրջ գործիչների և քաղաքական կուսակցությունների կողմից, ովքեր իսկապես շահագրգռված են Հայաստանը կործանումից փրկելու հարցում։ Պետք է համախմբվել և լուծում մտածել։ Այսպես շարունակվելու դեպքում մեր ազգային անվտանգության սպառնալիքի շահը դրվում է շատ լուրջ սպառնալիքի ներքո։

– Դատավոր Դավիթ Բալայանի հետ կապված միջադեպի առիթով փաստաբան Հրանտ Անանյանն արդեն գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին՝ վկայակոչելով քրեական օրենսգրքի 316-րդ և 343-րդ հոդվածները։ Ի՞նչ ընթացք կստանա այս դիմումը։

– Կասկածում եմ դրական ընթացքի վրա, նկատի ունեմ օրինական ընթացքը, որովհետև այսօր ՀՀ գլխավոր դատախազն արդեն իսկ պետք է արձագանքած լիներ այս ամենին, որովհետև եթե ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը, ում լիազորությունները այսօր, ճիշտ է, դադարեցված են, բայց նա դեռ այդ կարգավիճակը զբաղեցնում է, հայտարարում է, որ ինքը գնում է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մուտքը փակելու, և Գլխավոր դատախազությունն այս լուրի նկատմամբ անտարբեր է, այստեղ արդեն կասկածի տակ է դրվում, թե Գլխավոր դատախազությունը՝ ի դեմս գլխավոր դատախազի, որքանո՞վ է ապագայում կիսելու այս պատասխանատվության բեռը։ Արդյո՞ք ինքը չի մեղադրվելու պաշտոնական անգործության մեջ։

Աղբյուր՝ 168.am