Աշխարհ

«Օսկար»-ի մրցանակաբաշխությունից ետ է կանչվել «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմը

Հորդանանը հետ է կանչել հորդանանահայ կինովավերագրող Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմը, որը պետք է ներկայացվեր «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում։

««Տունս քաղցր ա» ֆիլմը պատմում է 11-ամյա Վրեժի մասին, ով երազում է ատամնաբույժ դառնալ Լեռնային Ղարաբաղում գտնվող իր հայրենի գյուղում։ Երբ պատերազմը կրկին բռնկվում է, Վրեժն ընտանիքի հետ ստիպված է լինում հեռանալ, իսկ պատերազմի ավարտից հետո կրկին վերադառնում է ավերված հայրենիք:

Ադրբեջանի կառավարությունը դիմել է Հորդանանի արտաքին գործերի նախարարությանը՝ պահանջելով վերանայել ֆիլմի ընտրությունը։ Հորդանանի ԱԳՆ-ն իր հերթին ճնշումներ է գործադրել Հորդանանի կինեմատոգրաֆիայի հանձնաժողովի վրա՝ ֆիլմը հետ կանչելու հարցով, ինչն էլ, ի վերջո, տեղի է ունեցել, ինչի հետևանքով Հորդանանը ներկայացված չի լինի «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում։

Ֆիլմի ռեժիսոր Սարին Հայրապետյանը և պրոդյուսեր Ազզա Հուրանին իրենց հիասթափությունն են հայտնել և նշել.

Տունս քաղցր ա

«Մեր թիմի համար սա շատ տխուր նորություն է. երեխայի՝ իր տան և ընտանիքի հանդեպ սիրո մասին հուզական, անձնական պատմությունն արգելել և լռեցրել են: Որպես վավերագրական ֆիլմեր ստեղծողներ՝ այս գրաքննությունը մեզ ավելի քան երբևէ ստիպում է կիսվել «Տունս քաղցր ա» ֆիլմի գլխավոր հերոս Վրեժի պատմությամբ, որն արտացոլում է աշխարհի անթիվ ժամանակակից երեխաների փորձը, ովքեր արժանի են ազատ երազելու՝ առանց պատերազմների և բախումների սպառնալիքի»։

Այն բանից հետո, երբ Հորդանանը ֆիլմը հանել է «Լավագույն միջազգային խաղարկային ֆիլմ» անվանակարգից, Կինոակադեմիան կինոգործիչներին ասել է, որ նրանք կարող են «Տունս քաղցր ա» ֆիլմը ներկայացնել «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում, եթե հետևեն ընտրության ստանդարտ ընթացակարգերին: Նկարահանող խումբը փորձել է նախընտրական փուլ կազմակերպել ԱՄՆ-ում։

Հայրապետյանը և Հուրանին նշել են, որ այժմ կազմակերպում են ֆիլմի առաջնային ցուցադրությունը ԱՄՆ-ում, որը տեղի կունենա Լոս Անջելեսի «Laemmle Theatres»-ում՝ սկսած նոյեմբերի 29-ից։

«Տունս քաղցր ա» ֆիլմը հուլիսին Ամմանում կայացած Հորդանանի միջազգային կինոփառատոնում ստացել է երեք մրցանակ՝ լավագույն արաբական վավերագրական ֆիլմի ժյուրիի մրցանակ, հանդիսատեսի մրցանակ և Միջազգային կինոքննադատների մրցանակ (FIPRESCI):

Կիսվեք էջում