Տիկին Քուքին ու «Գրին քարտը». ո՞ւր պիտի գնան հայերը, որ լավ ապրեն

Տիկին Քուքին ու «Գրին քարտը». ո՞ւր պիտի գնան հայերը, որ լավ ապրեն

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը ԱՊՀ երկրներին կոչ է արել մինչև այս տարվա հունիսի 15-ը դուրս բերել ՌԴ–ում ապօրինի գտնվողներին։ Թե քանի հայ տուն կվերադառնա, կիմանանք ամռանը, — գրում է Sputnik Արմենիան։

Իսկ առայժմ շատերը պատրաստվում են հեռանալ տնից, ընդ որում` որքան հեռու, այնքան լավ։ Ամենահեռուն, իհարկե, Ամերիկան է, չնայած ամենալավը, անկասկած, հայրենի հողն է։

ԱՄՆ-ում օրինական կերպով հիմնավորվելու միակ հնարավորությունը այդ երկրում ապրելու և աշխատելու իրավունքը հաստատող փաստաթուղթ ունենալն է, ինչի համար պետք է «Գրին քարտ» շահել։ Այն տրվում է մշտական բնակության համար, մշտական բնակությունը հարկավոր է հպատակագրման համար, իսկ հպատակագրումը հարկավոր է, որպեսզի հինգ տարի որպես ռեզիդենտ ապրելուց հետո քննություն տաս և ԱՄՆ անձնագիր ստանաս՝ կազմի վրա հպարտ թռչնի պատկերով։

Իսկ մինչ այս, մինչ այն, «Գրին քարտն» ազատում է հյուպատոսարան գնալ-գալու, ինչ-որ տուրքեր վճարելու և անձնագրում հարկավոր վիզային նշումների «ճտոցին» սպասելու անհրաժեշտությունից։ Եվ ոչ միայն։ «Գրինը» հարմար է նաև նրանով, որ ԱՄՆ մուտք գործելիս այն ներկայացնում ես իմիգրացիոն սպային, և այլևս կարիք չկա բացատրելու, թե ինչու, ում մոտ, ինչի համար և ինչքան ժամանակով ես գնում։

Ամենից հաճախ ընդամենը մեկ հարց է հնչում․ ինչո՞ւ Ամերիկայում չեք մնացել նշանակված վեց ամիսը։ Ուշադրություն դարձրեք հարցի ձևակերպմանը․ չեն հարցնում, թե որտեղ եք եղել, այլ թե ինչու չեք ապրում երկրում, որը ձեզ «Գրին քարտ» է շնորհել։ Ստացվում է, որ եթե Ամերիկայում չես, ապա տանը չե՞ս։

Մինչդեռ կես տարի կարելի է բացակայել շատ տարբեր պատճառներով, ընդ որում՝ անգլերեն չիմանալը այդ պատճառներից գլխավորը չէ։ Կարելի է, օրինակ, Ամերիկան սիրել տարեկան ոչ թե վեց, այլ մեկուկես ամիս, ինչը բազմաթիվ ռեզիդենտների համար շատ հարմար կլիներ, բայց «իմիգրեյշընի» համար դա ազգային դրոշը վիրավորելուն հավասար բան է։

Այսպես ուրեմն։ Գրինը չեք հարգում և օգտագործում եք միայն առանց վիզայի ԱՄՆ մուտք գործելու համար, իսկ դա կտրուկ իջեցնում է փաստաթղթի կարգավիճակը, որի համար, ինչպես ամերիկացիներն են կարծում, պայքարում է մարդկության լավագույն հատվածը։ Ինչն էլ հենց փորձում էր իմ գլուխը մտցնել անդրդվելի Քուքին՝ Միչիգան Նահանգի Դետրոյթ քաղաքի իմիգրացիոն (ներգաղթային) ծառայությունից։

Տպավորիչ չափսերի աֆրոամերիկուհին՝ ազդրին ամրացված համապատասխան չափի «Կոլտով», մատով ցույց է տալիս «ժամանել է-մեկնել է» սյունակը։ Թվերը վկայում են ԱՄՆ-ում գտնվելու ժամկետների անթույլատրելի կրճատման մասին` ի հաշիվ այլ երկրներում՝ Ռուսաստանում և Հայաստանում չափազանց երկար բնակության։

-Այսպես ապրել չի կարելի,- ասում է Քուքին` թարգմանչուհու միջոցով պարզաբանելով, թե ինչպես է պետք ճիշտ ապրել։

Հայերեն թարգմանությունից ստացվում է, որ ճիշտ ապրելն առաջին հերթին նշանակում է չփորձել տիկին Քուքիի համբերությունը, քանի որ երրորդ անգամ նա արդեն չի ների։

-Իսկ այդ դեպքում ի՞նչ կլինի,-հարցնում եմ թարգմանչուհուն։

-Այդ դեպքում ձեզ դատի կտան, և դուք, ամենայն հավանականությամբ, կպարտվեք և կմնաք առանց «Գրին քարտի»։

Տիկին Քուքին գլխով հաստատում է։ Ըստ երևույթին, ես առաջինը չեմ, որ նմանատիպ հանգամանքներում հետաքրքրվում եմ սեփական ապագայով։

-Քուքին սիրում է, երբ ասում են ճշմարտությունը և միայն ճշմարտությունը,-ասում է թարգմանչուհին` հայտարարությունը զարդարելով դատական ներկայության տարրով։

Չցանկանալով խաղալ ճակատագրի հետ, որն անպայման բերում է Քուքիի մոտ` հերթական անգամ մեկնելիս հրաժեշտ տվեցի «Գրին քարտին» և երկիր մուտք գործեցի սովորական ամերիկյան վիզայով։ Շատ ավելի լավ ստացվեց։ Այս անգամ, սպասելով Քուքիի կամ նրա գործընկերների հետ հանդիպմանը` կանգնած էի սովորական հերթում՝ առանց խղճի խայթի զգալու պատճառների։ Այդ դեպքում ամեն ինչ արագ է տեղի ունենում, եթե իհարկե Բեն Լադենի ազգականը չեք։

Ամերիկա մուտք գործելը շատ հեշտ է աշխարհի գրեթե 30 երկրի, այդ թվում՝ Եվրամիության, Ճապոնիայի և Ավստրալիայի քաղաքացիների համար․ նրանք բոլորը առանց վիզայի ԱՄՆ մուտք գործելու իրավունք ունեն։

Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանն առայժմ այդ ակումբի անդամ չեն։ Մինչդեռ Հին Աշխարհից դեպի Նոր Աշխարհ թռչողների հոսքը տարեցտարի ավելանում է․ ԱՄՆ-ում ամեն մեկն իր համար կարևոր մի բան ունի։

Ի՞նչ ունեմ ես։ Ինչպես սովորեցրել է տիկին Քուքին, ասում եմ ճշմարտությունը, միայն ճշմարտությունը և ոչինչ, բացի ճշմարտությունից` ես այստեղ երկու թոռ ունեմ, և դա բավական է, որպեսզի գոնե տարին մեկ անգամ կտրեմ-անցնեմ Ատլանտյան օվկիանոսը՝ նրանց բնական միջավայրում տեսնելու համար։

Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում