Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին հրավիրեց Ռուսաստան

Կիսվիր ընկերներիդ հետ

Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին հրավիրեց Ռուսաստան։

«Առավոտը» գրում է․ «Ես իմ կողմից ցանկանում եմ հաստատել մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը, դրանք ամրապնդված են ոչ միայն վերջին տարիների եւ տասնամյակների իրադարձություններով, այլ մեր ժողովուրդների հարաբերությունների դարավոր պատմությամբ։ Իսկ Ձեզ՝ որպես ԵԱՏՄ-ում նախագահողի, ցանկանում եմ շնորհավորել Երեւանում կայացած գագաթնաժողովի արդյունքների կապակցությամբ:

Դրանք իսկապես լավն են եւ երրորդ կողմի երկրների հետ կապերի զարգացման տեսանկյունից, եւ, որ ավելի կարեւոր է մեզ համար, ոչ մի խնդիր չի առաջացել, հակառակը, կազմակերպության շրջանակում մասնակից պետությունների միջեւ բոլոր համաձայնությունները ձեռք են բերվել: Դուք այն մարդն եք, ով ներդրել է առավելագույն ջանքեր՝ նման արդյունավետ աշխատանքի համար: Դրա համար ես ցանկանում եմ Ձեզ ոչ միայն շնորհավորել, այլ նաեւ շնորհակալություն հայտնել»,- սա էր Վլադիմիր Պուտինի երեւանյան պաշտոնական ուղերձը՝ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ:

Հոկտեմբերի 1-ին Հայաստանում բոլորի ուշադրությունն, անշուշտ, սեւեռված էր հենց Փաշինյան-Պուտին հանդիպմանը: ՀՀ կառավարության եւ Կրեմլի տարածած հաղորդագրություններից տեղեկանում էինք, որ նրանք քննարկել են հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Փաշինյանը նշել էր. «Մեզ համար շատ կարեւոր են մեր երկկողմ հարաբերությունները: Ռուսաստանը մեզ համար ռազմավարական գործընկեր է եւ մենք այդ ռազմավարական գործընկերությունն ավելի ու ավելի ամուր դարձնելու հույս ունենք: Եվ շնորհակալություն պատրաստակամության, մեր հարաբերությունների ընկալման համար:

Վստահ եմ, որ մեր հարաբերությունները կլինեն ավելի ու ավելի ամուր: Ամեն դեպքում մենք այդպես ենք տրամադրված»: Ասվում էր, որ առանձնազրույցի ընթացքում Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես, զրուցակիցներն անդրադարձ են կատարել հայ-ռուսական տնտեսական համագործակցությանը, ռազմաքաղաքական գործընկերության հետագա ամրապնդմանը, տարածաշրջանային նշանակության հարցերի: Վլադիմիր Պուտինը վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրել է ՌԴ:

Պաշտոնական բանակցություններից հետո Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց. «Փայլուն զրույց ունեցանք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Մեր ռազմավարական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում»:

Ուշագրավ էր, որ նույնը ուշ գիշերին կայացել էր եւս մեկ հանդիպում՝ արդեն «Զվարթնոց» օդանավակայանում: «Եվս մեկ՝ մեկուկես ժամանոց հանդիպում ունեցա ՌԴ նախագահի հետ: Հանդիպումը կայացավ «Զվարթնոց» օդանավակայանում: Հայ-ռուսական հարաբերությունները հուսալի եւ դրական հունի մեջ են»,- տեղեկացրեց Փաշինյանը:

Թե ինչ մանրամասներ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը, թերեւս, առաջիկայում կլինեն տեղեկատվական արտահոսքեր: Այս պահի դրությամբ կարելի է արձանագրել, որ ԵԱՏՄ-ական երեւանյան հավաքը հաջողվեց, եւ Պուտինը հատուկ ընդգծեց դրանում Փաշինյանի գործադրած ջանքերը: ՀՀ-ն մտադիր է առավելագույնս արդյունավետ մասնակցություն ունենալ ԵԱՏՄ-ում Գալով ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության շրջանակում Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին, նշենք, որ Բաղրամյան 26-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմավորեց ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաեւին, Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին։

Բացելով նեղ կազմով նիստի աշխատանքները՝ Փաշինյանն ընդգծել էր, որ Հայաստանը մտադիր է առավելագույնս արդյունավետ մասնակցություն ունենալ ԵԱՏՄ-ում՝ միաժամանակ ջանքեր գործադրելով համագործակցության մեխանիզմների կատարելագործման եւ ինտեգրացիոն տարածքի արդյունավետ գործունեության ուղղությամբ։ Նա հատուկ շեշտեց, որ կրկնակի հաճելի է փաստը, որ մասնակցում են Իրանի եւ Սինգապուրի ղեկավարները:

Հիշեցնենք, որ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներից բացի, մասնակցել են նաեւ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար, Իրանի նախագահ Հասան Ռոհանին եւ Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն՝ հրավիրյալ երկրների ղեկավարների կարգավիճակով։ Նիկոլ Փաշինյանը Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստում, մասնավորապես անդրադարձել էր այն հարցերին, որոնց լուծումը, ըստ նրա՝ կարեւոր է համագործակցության հետագա խթանման եւ դրա արդյունավետության բարձրացման համար: «Դրանց թվին են պատկանում, օրինակ, ԵԱՏՄ շրջանակում աշխատուժի ազատ տեղաշարժի համար առկա արգելքները վերացնելուն ուղղված միջոցները, որոնք խոչընդոտում են աշխատուժի միասնական շուկայի ձեւավորմանը:

Էլեկտրոնային թվային ստորագրությունների փոխադարձ ճանաչումը հնարավոր մատակարարների՝ էլեկտրոնային ձեւաչափով գնումներին անխոչընդոտ մասնակցությունն ապահովելու համար նույնպես առանձնահատուկ ուշադրություն պահանջող առաջնահերթ հարցերից է, եւ անհրաժեշտ է բոլորիս համար ընդունելի լուծում գտնել: Ինտեգրման գործընթացը կլինի ավելի դինամիկ, եթե մեր քաղաքացիները համոզվեն, որ մեր աշխատանքի արդյունքում որոշումներ են կայացվում զգայուն հարցերի վերաբերյալ, որոնք հանգեցնում են նրանց կենսամակարդակի եւ աշխատանքային պայմանների անմիջական բարելավմանը»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։