«Վերջին անգամ դու գնացիր և ասացիր կգամ»․ անհայտ կորած ազատամարտիկի կին

«Վերջին անգամ դու գնացիր և ասացիր կգամ»․ անհայտ կորած ազատամարտիկի կին

«Դու գնացի՛ր և ասացի՛ր կգամ․․․ Անորոշության և դառը ճակատագրիդ մղձավանջը թույլ չի տալիս միասին տոնելու այսօր քո ծնունդը․․․ այնքա՜ն բան կա հիշելու, գրելու քո սխրանքների մասին, քո անցած մարտական ուղու։

Բայց այդ ամենից զատ մի բան եմ հիշում վերջին անգամ, որ գնացիրր մարտի՝ դու ասացիր կգամ․․․ »,- ասաց անհայտ կորած ազատամարտիկ Յուրի Առուստամյանի կինը՝ Զարինե Հակոբյանը:

Զարինե Հակոբյանը իր ներսում միշտ հույս է պահել, որ մի օր կբացվի դուռը և Յուրան կգա. «Յուրան պետք է գա, որովհետև խոստացել է, զավակներս մեծացան առանց հոր, թոռնիկներս պետք է գրկեն պապին»,-հուզվում է Զարինե Հակոբյանը:

«1989 թվականից ամուսինս գաղտնի կամավորագրվել է, հետո արդեն զինվորագրվել է ու սպա էր՝ դասակի հրամանատար էր: Հայոց հողի բազմաթիվ անկյուններ է ազատագրել ու պաշտպանել իր դասակով: 1994 թվականին ամուսինս արդեն Հորադիզում էր:

Դասակը հայտնվել է շրջափակման մեջ ու մինչև վերջ պայքարել: Յուրայի զինվորներից մեկը փոխանցել է նրա խոսքերը՝ նահանջել չկա: Այդ մարտից Յուրան տուն չեկավ, բայց մենք սպասում ենք: իմ սիրտը վկայում է, որ նա գալու է»,-պատմեց Զարինե Հակոբյանը:

Այսօր Յուրի Առուստամյանին ծննդյան օրն է: Յուրի Առուստամյանը այսօր կդառնա 60 տարեկան. « Ծնունդդ շնորհավոր Յուրի Առուստամյան»,-շշնջում է հուզված կինը: