Վարչապետի խոսնակը մեկնաբանել է Հակոբ Արշակյանի մասնակցությամբ միջադեպը

Վարչապետի խոսնակը մեկնաբանել է Հակոբ Արշակյանի մասնակցությամբ միջադեպը

Հարցը իրավապահների տիրույթում է այժմ եւ զերծ կմնամ այլ մեկնաբանություն տալուց։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը՝ անդրադառնալով այսօր՝ մարտի 18-ին սրճարաններից մեկում լրագրող Փայլակ Ֆահրադյանի եւ ՀՀ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի միջեւ տեղի ունեցած միջադեպին։

«Ցավում եմ միջադեպի համար: Լրագրողների նկատմամբ բռնությունն անկախ պատճառներից անթույլատրելի է»,– ասաց Գեւորգյանը։

Իր հերթին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը NEWS.am-ի հետ զրույցում նույնպես զերծ մնաց գնահատական տալուց՝ ասելով, որ միջադեպի մանրամասներին ծանոթ չէ եւ չի զրուցել Հակոբ Արշակյանի հետ։

«Ես չեմ տեսել, թե հրապարակված տեսանյութից առաջ ինչ է տեղի ունեցել, ինձ դա է հետաքրքրում։ Դա ակնհայտորեն ամբողջական պատկերը չէ։ Մինչեւ չտեսնեմ ամբողջական պատկերը, բնականաբար, չեմ կարող ոչ մի գնահատական տալ»,– ասաց Վահագն Ալեքսանյանը։

Նշենք՝ Հակոբ Արշակյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է։