«Վարուժան Ավետիսյանի կյանքին ամեն վայրկյան վտանգ է սպառնում»․ ԱԺԲ խոսնակ

«Վարուժան Ավետիսյանի կյանքին ամեն վայրկյան վտանգ է սպառնում»․ ԱԺԲ խոսնակ

Ազգային-Ժողովրդավարական Բևեռի մամուլի խոսնակ Գևորգ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վարուժան Ավետիսյանն ունի չափազանց լուրջ` կյանքին սպառնացող, առողջական խնդիրներ, որի հետևանքով միայն վերջին ամիսների ընթացքում միքանի անգամ հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում:

Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացված բազմաթիվ և բազմապիսի բուժզննությունների արդյունքում այդպես էլ չի հայտնաբերվել նրա առողջական ծանրագույն և անկանխատեսելի վիճակին վերաբերող պատճառները` գոյություն ունեցող հիվանդությունը հնարավոր չի եղել ախտորոշել:

Վերոնշյալ հանգամանքների բերումով Վարուժան Ավետիսյանը կարիք ունի արտասահմանում բուժզննություն անցնելու` հիվանդության ախտորոշման և, հետևապես, անհրաժեշտ բուժում ստանալու նպատակով:

Վարուժան Ավետիսյան

Ինչպես գիտեք Վարուժան Ավետիսյանի և Սասնա Ծռեր խմբավորման մյուս անդամների կողմից 2016թ.-ին իրականացված ապստամբության կապակցությամբ` գաղութային ադմինիստրացիայի կողմից պատվիրված, հարուցված գործի շրջանակներում “դատավարությունը” դեռևս շարունակվում է: 2018թ.-ի հեղափոխական շարժման, որը այլասերվեց և փոխակերպվեց դիմափոխության, արդյունքում իշխանության եկած խումբը` Փաշինյանի գլխավորությամբ, ոչ մի իրական հանցագործի` պետությունն ու ժողովրդին կեղեքած ստահակի, արդարադատության ենթարկվելու ուղղությամբ հետևողականություն և սկզբունքայնություն չցուցաբերեց, ավելին` վերջիններիս հետ գնաց (գնում է) հանցավոր մի շարք համագործակցությունների:

Դրանցից շատերին հնարավորություն տրվեց առողջական խնդիրներ ունենալու և արտասահմանում բուժում ստանալու կեղծ պատրվակներով փոխուստի դիմել երկրից և պատասխանատվությունից:

Սակայն, ներկայումս, Վարուժան Ավետիսյանի, ում ապստամբական գործողությունների արդյունքում հետաձգվեց այն աղետը` հնարավորություն ստեղծելով ժողովրդին և պետությանը պատրաստվելու դիմագրավել գալիք ճակատագրական մարտահրավերներին, որը տեղի ունեցավ 2020թ.-ի տարեվերջին, պաշտպանի` “դատարանին” ներկայացված արտերկրում բուժում ստանալու միջնորդության քննությունը հետաձգվել է, մինչդեռ առկա է կյանքի և առողջության հետ անհամատեղելի հանգամանք, որի պարագայում դատարանը պարտավոր է անհապաղ քննել և բավարարել ներկայացված միջնորդությունը:

Կարևորագույն հարց եմ համարում աղաղակել այն մասին, որ այսպիսով Վարուժան Ավետիսյանի կյանքին և առողջությանը ամեն վայրկյան լրջագույն վտանգ է սպառնում: Վարուժան Ավետիսյանը լինելով վեհագույն և հպարտ անձնավորություն` իր առողջական խնդիրները “դրոշակ” դարձրած չի թափահարում, իսկ դա ավելի է մեծացնում մեր պատասխանատվության բաժինը նրա առողջական ծանր վիճակի մասին բարձրաձայնելու հարցում:

Վարուժան Ավետիսյանը հրաժարվել է ամեն բանից հանուն մեզանից յուրաքանչյուրի ապագայի, հանուն ինքնիշխան պետություն ունենալու: Իսկ վերոնշյալ առողջական խնդիրները ձեռք է բերել հենց այդ ինքնազոհ պայքարի արդյունքում:

Մեր պարտքն է բարձրաձայնել այս խնդիրը և պահանջել, որպեսզի Վարուժան Ավետիսյանին ընձեռվի իր առողջական վիճակը պարզորոշելու և բարելավելու հնարավորություն»: