Վարորդը Suzuki-ով վրաերթի է ենթարկել դիտահորերը փոխող աշխատակցին

Վարորդը Suzuki-ով վրաերթի է ենթարկել դիտահորերը փոխող աշխատակցին

Shamshyan.com-ի փոխացմամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 21-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 18:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 33-ամյա Աննա Գևորգյանը իր վարած Suzuki մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ Կոմիտասի անվան պանթեոնի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել պողոտայում դիտահորերը փոխող Երևանի քաղաքապետարանի աշխատակցին, այնուհետև դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել մայթով և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota Camry և Nissan մակնիշի ավտոմեքենաներին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում բուժօգնություն ստանալ, ապա վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վերջինս ստացել է 2 ոտքերի բաց կոտրվածք, վնասվել է նաև նրա փայծաղը: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:

Վրաերթ-վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղակությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Հետաքննիչի հանձնարարականով Suzuki-ն տեղափոխվեց Երևանի գնդի հատուկ պահպանվող տարածք:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մինչ բժիշկների ժամանումը, վրաերթի ենթարկվածին առաջինը օգնություն է ցուցաբերել վթարված Nissan-ի վարորդը, ով Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է առաջնագծում, որտեղ էլ վիրավորում է ստացել: