«Վայ քո հերը շուն դառնա». Հանձնաժողովի նախագահը՝ կտրոնը կորցրած ընտրողին «Առավոտ»

Կիսվիր ընկերներիդ հետ

Մալաթիա-Սեբաստիայի 7/28 տեղամասում ընտրողներից մեկը մտել էր քվեախուց ու դուրս չէր գալիս տեւական ժամանակ: Հանձնաժողովի անդամները հետաքրքրվեցին՝ ինչ է եղել: Պարզվեց՝ կտրոնն է կորցրել ու որոշել ինքնուրույն ուժերով գտնել: Նա դատարկել էր քվեախցում բոլոր ավելորդ քվեաթերթիկների արկղը ու մեկ առ մեկ թափ էր տալիս, որոնում իր կտրոնը:

Տեսնելով, որ ճար չկա, մոտ 20-25 րոպե այդ ընտրողը ոչ թողնում էր իրեն օգնեն, ոչ էլ կարողանում էր գտնել կտրոնը, հանձնաժողովի նախագահը փորձեց նրա հետ միասին գտնել: Նրանք դատարկեցին քվեաթերթիկների աղբամանը պարկի մեջ, փնտրեցին ծրարում, անձնագրում՝ կտրոնը չկա ու չկա:

Ահագին ժամանակ անց վերջապես կտրոնը գտնվեց՝ գրպանում էր: Հանձնաժողովի նախագահը երկար տանջանքներից հետո ուրախությամբ բացականչեց. «Աղչի՜, հլը տես է, գրպանում էր: Վայ քո հերը շուն դառնա»: Հետո տեսնելով տեսախցիկը՝ ներողություն խնդրեց, ասելով, որ սրտանց էր ուզում գտնել, դրա համար արձագանքեց: Հանձնաժողովի նախագահն ասաց, որ սա արդեն երրորդ դեպքն է, որ ընտրողները կտրոնը կորցնում են:

Ի դեպ, բազմաթիվ ընտրատեղամասերում հանձնաժողովի նախագահները դժգոհում էին ընտրողների՝ գրիչը հետները տանելու մոլուցքից: Ամեն ընտրողի հետեւից մտնում են քվեախցիկ՝ տեսնելու՝ թելը պոկել ու գրիչը տարել են, թե՞ թողել:


Նյութի սկզբնաղբյուր` aravot.am

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...