Վաղվանից հանրապետությունում ստուգայցերի տեռոր է սպասվում

Վաղվանից հանրապետությունում ստուգայցերի տեռոր է սպասվում

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին՝ Կառավարության հերթական նիստից հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանը փակ խորհրդակցություն է անցկացրել կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ։

«Հայկական ժամանակ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ այսօրվա նիստի ժամանակ կորոնավիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ արդեն իսկ իր կոշտ դիրքորոշումն արտահայտած Փաշինյանը փակ խորհրդակցության ժամանակ խիստ հանձնարարականներ է տվել ուժային կառույցներին ու տեսչական մարմիններին։ Վարչապետն անթույլատրելի է համարել հանրապետությունում կորոնավիրուսի համավարակով ստեղծված իրավիճակը։

«Սա արդեն ազգային անվտանգության հարց է, օրական 25-30 մահվան դեպք կա: Ամեն կյանքի կորուստ մեզ համար շատ թանկ է: Հակահամաճարակային կանոնները չպահպանողները պետք է խստագույնս պատժվեն, ինչպես նաև պետք է պատժվեն պատվաստումների մասին սուտ թեզեր տարածողներն ու կեղծ փաստաթղթեր վաճառողները»,- ասել է Փաշինյանը:

Ըստ մեր աղբյուրի՝ վաղվանից հանրապետությունում ստուգայցերի տեռոր է սպասվում: