«Սրտատրոփ սպասում եմ, թե ոնց են ինձ ծեփելու պատերին»․ Գևորգ Պետրոսյան

«Սրտատրոփ սպասում եմ, թե ոնց են ինձ ծեփելու պատերին», – այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

««Ծեփել-փռել» օպերացիայի շարքից

Երբ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ արտաբերեց «պատերին ծեփել և ասֆալտին փռել» արտահայտություն-սպառնալիքը, անկեղծ ասած, կարծեցի, որ դա սրտաբուխ պոռթկում էր՝ պայմանավորված ապօրինության նկատմամբ հոգու խորքում կուտակված իրական ատելությամբ:

Հիմա, երբ նա դա կրկնում է ամեն քայլափոխի, այդ թվում նաև Ազգային ժողովում՝ այլակարծությամբ հանդես եկող կամ իր նախաձեռնած օրինագծին դեմ քվեարկելուն հակված պատգամավորների վերաբերմամբ, սա արդեն շատ վտանգավոր երևույթ է նոր Հայաստանի համար:

Հա, ի դեպ, ես դեմ եմ քվեարկելու քրեական աշխարհի ներկայացուցիչների մասին օրինագծին՝ դրա իրավական որոշակիության սակավության պատճառով, ու սրտատրոփ սպասում եմ, թե ոնց են ինձ ծեփելու պատերին և փռելու ասֆալտին…»։