Սուրեն Պապիկյանին սպասարկող մեքենայի բախումից տուժած երեխան կոմայի մեջ է. «Հրապարակ»

Սուրեն Պապիկյանին սպասարկող մեքենայի բախումից տուժած երեխան կոմայի մեջ է

Hraparak.am-ը գրում է․ Սուրեն Պապիկյանը, ըստ լուրերի, մեքենայի մեջ չի եղել, իսկ 14-ամյա տղան ծնողներից ծածուկ է մեքենան վերցրել և վարել։

Տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանին սպասարկող Toyota Land crauser մակնիշի մեքենան մեծ արագությամբ ընթանալիս Արարատի մարզի Սուրենավան գյուղի մոտ երեկ հարվածել է դիմացից ընթացող Նիվա մակնիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով մեքենայի ղեկին գտնվող 14-ամյա անչափահաս տղան լուրջ վնասվածքներ է ստացել, նա կոմայի մեջ է:

Սուրենավանի գյուղապետ Կարո Կարապետյանը «Հրապարակի» հետ զրույցում ասել է, թե հանուն արդարության պետք է նշի, որ Պապիկյանը մեքենայում չի գտնվել։

շտապ օգնություն

«Ճիշտը մնում է ճիշտ, իր մեքենան է եղել, բայց ինքը հաստատ մեջը չի եղել։ Ես պարզ ասեմ՝ իրենց կառավարությունով հանդերձ իրենք ինձ չեն հետաքրքրում, բայց ճիշտն այն է, որ մեջը չի եղել։ Վարորդն է եղել։ Իսկ երեխան այգի գնալիս է եղել։ Ճանապարհը կտրել է երեխան մեքենայով»,–ասել է Կարապետյանը։

Անչափահասի հայրը՝ Վահեն, պատմել է, որ ինքը տեղեկություն չունի՝ Սուրեն Պապիկյանը մեքենայի մեջ եղե՞լ է, թե ոչ։ Հայրը պատմել է, որ իրենք տանը չեն եղել, որդին ինքնակամ վերցրել է ավտոմեքենան և վարել։ Դեպքից հետո ո՛չ Պապիկյանը, ո՛չ էլ որևէ պաշտոնյա ընտանիքին չեն մոտեցել, չեն հետաքրքրվել երեխայի առողջական  վիճակով։

«Երեխան անգիտակից վիճակում է։ Արհեստական կոմայի մեջ են գցել, ջարդվածքներ ունի»,–ասել է տղայի հայրը։