«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն զգուշացրել է շտապօգնությանը՝ իրենց մոտ հիվանդ չտանել, տեղ չունեն

Կիսվիր ընկերներիդ հետ

Armtimes-ի Մեր ունեցած տեղեկություններով, Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը դիմել է Շտապ օգնության ծառայությանը՝ խնդրելով այստեղ հիվանդներ չտեղափոխել, որովհետեւ գերծանրաբեռնված է եւ նոր մարդկանց ընդունելու հնարավորություն չկա:

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը, պատասխանելով մեր հարցմանը, չհերքեց լուրը: Միեւնույն ժամանակ ասաց, որ նման դիմումներ պարբերաբար ստանում են, եթե այս կամ այն հիվանդանացում տեղ չի լինում:

«Ուղղակի խրոնիկ, թթվածնակախյալ հիվանդների քանակը շատ մեծ է: Հիվանդներ, ովքեր ունեն խրոնիկ սիրտ-թոքային անբավարարություն: Այսօրվա դրությամբ իրենցից ստացվող կանչերը մի փոքր շատ են, դրա համար համարյա թե բոլոր մեծ հիվանդաոցներում հիվանդներին ընդունելու հնարավորությունները սահմանափակվում են:

Այնպես չէ, որ հիվանդանոցները ամբողջ օրով փակվում են: Եթե տեղ չեն ունենում, մեզ ուղղակի զգուշացնում են, որ հնարավորինս քիչ հիվանդ տանենք: Չգիտեմ ինչ դեպքի մասին եք ասում, ուղղակի կարող է այդ պահին զգուշացրած լինեն, որ հիմա մահճակալ չունեն, բայց այդ նույն մահճակալը կարող է ազատվել մեկ կամ երկու ժամ հետո, եւ արդեն նորից մենք կարող եք հիվանդներին տանել»,- ասաց Թագուհի Ստեփանյանը:

Մենք տեղեկացել էինք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնն ավելի շատ ծանրաբեռնված է սուր շնչառական վարակներ ունեցող հիվանդներով: Թագուհի Ստեփանյանի խոսքով, վերջին օրերին նկատվում է այդպիսի հիվանդություններով պայմանավորված կանչերի նվազում: Բայց միեւնույն է, օրական կանչերի թիվը հասնում է ընդհուպ 840-ի: Մինչեւ Ամանոր օրական միջինը ստացվել է 650 կանչ:

Այս տարվա առաջին օրվանից օրական սպասարկում են 750-840 կանչ: Այս ցուցանիշն, ըստ շտապ օգնության ծառայության ղեկավարի դիտարկումների, մեծ է, թեպետ նրա ձեռքի տակ չկային նախորդ տարվա հունվարին վերաբերող տվյալներ: Անցյալ եւ նախանցյալ տարվա ցուցանիշների համամետությունը նույնպես վկայում է, որ շտապ օգնության կանչերի քանակը շեշտակի աճել է: 2018 թվականին ծառայությունը սպասարկել է 247 հազար 883 կանչ: 2017 թվականի համեմատությամբ այդ ցուցանիշն ավելի է 13 հազար 210 կանչով:

Աղբյուր՝ armtimes.com

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...