Սյունիքի համայնքապետերը հրաժարվել են հանդիպել մարզ մեկնած Տիգրան Ավինյանի հետ. «Փաստինֆո»

Սյունիքի համայնքապետերը հրաժարվել են հանդիպել մարզ մեկնած Տիգրան Ավինյանի հետ

Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը չի համաձայնել հանդիպել փոխվարչապետ Տիգրան Ավինյանին։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է համայնքապետը՝հավելելով, որ Սյունիքի խնդիրների վերաբերյալ պետք է հանդիպում լիներ, բայց ինքն ակնկալիքներ չունի։

Գեւորգ Փարսյանը նշել է, որ փոխվարչապետի այցը, հանդիպման նպատակը, համայնքապետերին չհանդիպելը կարող է հետագայում շահարկվել, բայց փաստեց, որ Սյունիքի խնդիրների մասին բազմիցս են բարձրաձայնել՝ անգամ գրավոր։

«Եթե վաղը չէ մյուս օրը հանկարծ կառավարության ներկայացուցիչները փորձեն շահարկել այն հանգամանքը, որ աշխատանքային խումբը եկավ Սյունիք, համայնքի ղեկավարները չհանդիպեցին, խնդիրները չբարձրաձայնեցին, ասացին, որ խնդրին անտեղյակ են, իմացեք, որ դա իրականությանը չի համապատասխանելու, քանի որ գրավոր արդեն իսկ ներկայացրել ենք մեր խնդիրները։ Նրանք դրանց մասին ընդհանուր պատկերացումներ ունեն»։

Փարսյանը հավելել է՝ Կապանին վերաբերվող խնդիրները շատ են, դրանցից մի քանիսի մասին անգամ քաղաքացիներն էլ չգիտեն եւ կարող են նաեւ չիմանալ։ Խնդիրներից մեկն էլ ճանապարհների անվտանգության հարցն է։ Ճանապարհահատվածի մի շարք կետեր մնացել են առանց հսկողության։

«Ընդհանուր սահմանի երկայնքով բազմաթիվ բաց տեղեր ունենք, որտեղ ադրբեջանցիների ելքն ու մուտքը հնարավոր է։ Իսկ կոնկրետ մեր սահմանապահների անցակետերով չեմ կարծում, որ կարող են ադրբեջանցիներ անցնել, բայց կան այլ ճանապարհներ, որ կարող են օգտագործել։ Օրինակ՝ Տաթեւի ճանապարհը։ Այդտեղ իրավապահներից ոչ ոք չկա, որ հսկողություն իրականացնի, բայց սահմանագծի վրա էլ բազմաթիվ խնդիր ունեցող հատվածներ ունենք»,- ասել է համայնքի ղեկավարը։

Անդրադառնալով կառավարության պաշտոնական պատասխանին, թե սահմանազատումներն անվտանգային են, եւ չեն կարող մեկնաբանվել որպես սահմանազատման շուրջ վերջնական համաձայնություն, Փարսյանը նշել է, որ ինքն էլ հույս ունի, որ դրանք վերջնական չեն, բայց հույսը հաջորդ իշխանությունների վրա է։

«Կարծում եմ, որ սա վերջնական չէ։ Վերջնականը կլինի դելիմիտացիայի եւ դեմարկացիայի արդյունքում։ Որպեսզի երկու երկրների միջեւ լինեն այդ գործընթացները, պետք է լինեն դիվանագիտական հարաբերություններ, իսկ մեր երկրների միջեւ այդ հարաբերություները չկան ու կարծում եմ, դեռ երկար չեն լինելու։ Հույս ունեմ, որ այս ապիկար իշխանության փոփոխության արդյունքում կունենանք էլ ավելի լավ իշխանություն, որն ի վիճակի կլինի կոնկրետ մեր տարածաշրջանի համար որպես հեղինակություն ունեցող, բանակցող կողմ դրական լուծումներ արձանագրել»։