«Սիրելիս ինձնից փոքր է». նախորդ տարի ամուսնալուծված Լիանան նոր ընտրյալ ունի

Երգչուհի Լիանան որոշակի դադարից հետո պատրաստվում է նոր երգերով և տեսահոլովակով ներկայանալ իր լսարանին: Ստեղծագործական նորությունից բացի երգչուհին նաև անձնական նորություն ունի, որի մասին առաջինը խոսել է Tert.am Life-ի հետ:

Մեկ տարի առաջ երգչուհին և իրենից 10 տարով փոքր սիրելին ամուսնալուծվեցին: Ավելի վաղ մեզ հետ զրույցում Լիանան նշել էր, որ կյանքը վերադասավորելու ցանկություն ունի: Այսօր արդեն երգչուհին անկեղծացավ, որ ընտրյալ ունի, սակայն ամուսնության հետ կապված ծրագրեր առայժմ չեն կազմում:

«Պաշտոնապես կարգավիճակի փոփոխություն չի եղել, բայց գնում ենք այդ ուղղությամբ: Դեռ միասին չենք ապրում, բայց շուտով կարող է այդպես էլ լինել: Ամեն դեպքում, ես այդ մարդուն սիրում եմ, նա էլ ինձ է սիրում: Կարծում եմ՝ դա ամենակարևորն է: Ես այդ թղթաբանությունը չեմ կարևորում:

Այսքան ժամանակ իմ ամուսնությունները լուրջ բնույթ չեն կրել զուտ թղթաբանության առումով կամ եկեղեցական կարգով, բայց ապրում ենք 21-րդ դարում և հիմա կարևորն այն է, որ մարդիկ իրար սիրեն: Ես շատ զույգերի եմ հանդիպում, որ իրար չեն սիրում, բայց պաշտոնապես ամուսնացած են: Ես դա չեմ հասկանում: Գուցե հիմա մարդիկ ինձ քարկոծեն նման մտածողության համար, բայց ես չեմ վախենում ասել այն, ինչ մտածում եմ», ընդգծեց երգչուհին:

Լիանան ասաց, որ ընտրյալն այլ բնագավառից է, արվեստի ոլորտի հետ առնչություն չունի: Ի դեպ, երգչուհու նախորդ ամուսնությունը լայնորեն քննարկվեց՝ պայմանավորված իր և ամուսնու միջև եղած տարիքային տարբերությամբ: Լիանան նշեց, որ այս անգամ էլ կողակիցն իրենից փոքր է, գրեթե, նույնչափ.

«Այս անգամ էլ գրեթե այդքան տարիքային տարբերություն ունենք: Իմ կյանքում այդպես է ստացվում, ես մեղք չունեմ: Բնությունն է ապացուցում, որ սերը տարիք չի հարցնում: Երբ մարդը սիրում է, չի մտածում՝ տարիքը նկատի ունենամ, նոր սիրեմ: Սերը պատվերով համերգ չէ, որ պատվիրես, գա: Սիրտդ է սիրում, հոգիդ է սիրում: Դրա համար ինչ-որ մեկին մեղադրելն անընդունելի է,- ասաց նա և ավելացրեց, որ մտածում է երկորդ անգամ մայրանալու ուղղությամբ,- Մտածում եմ երկրորդ բալիկն ունենալ: Ուզում եմ աղջիկ ունենալ: Ցանկությունս է, որպեսզի որդիս միայնակ չլինի»:

Խոսելով որդուն՝ 6-ամյա Ալենին միայնակ մեծացնելու մասին՝ Լիանան նկատեց, որ որոշակի դժվարություններ կան, սակայն փորձում է ամեն կերպ հասցնել բավարարել երեխայի պահանջմունքներն ու լավագույնն անել նրա համար. «Երեխային միայնակ մեծացնելը բարդ է, իհարկե, չէի ուզի այդպես լիներ, բայց փորձում եմ ամեն ինչ անել երեխայիս համար։ Շատ մարդիկ են ձգտում լավագույնն անել իրենց զավակների համար, հարկ եղած դեպպքում մեռնելով էլ գնում են աշխատանքի, որ բավարարեն երեխայի պահանջները: Մեր ընտանիքում միայն ես եմ աշխատում, թեև դժվար է, փորձում եմ հասցնել: Չեմ սիրում բողոքել, Փառք Աստծո: Միշտ էլ պետք է մտածել, որ վատից վատն էլ կա»:

Լիանան նշեց, որ նախկին ամուսնու և նրա ընտանիքի անդամների հետ թե՛ իր, թե՛ երեխայի շփումը երբևէ չի դադարել: «Չեմ կարծում, որ Ալենի համար նրանց հետ չփշվելը լավ կլինի: Այդ իմաստով ես կամուրջները չեմ այրել: Ինքս էլ շփվում եմ նրա հետ: Չեմ սիրում կռվով հեռանալ: Կստեմ, եթե ասեմ, որ ֆինանսապես նա ինձ օգնում է, բայց ես ոչինչ չեմ էլ պահանջում: Թողել եմ ինքն անի այնքան, որքան ճիշտ կհամարի: Ես դա թողել եմ ուղղակի իր խղճի վրա: Կարծում եմ՝ դա պիտի ծնողի ցանկությամբ լինի»,- ասաց նա:

Երգչուհին նշեց, որ այս տարվանից որդին դպրոց է հաճախում: Նրա խոսքով` երեխան բավականին հեշտ է հարմարվել աշակերտի կարգավիճակին. «Ինքը շատ շփվող, սրտաբաց երեխա է, հեշտ է հարմարվում նոր միջավայրում, չնայած մենակ է մեծանում: Առավոտյան ինքնուրույն է արթնանում, որ դպրոց գնա: Իր ներքին զարթուցիչը շատ լավ է աշխատում»:

Անդրադառնալով ստեղծագործական կյանքին՝ երգչուհին նշեց, որ 6 նոր երգ ունի, որոնք առայժմ գործիքավորման և ձայնագրման փուլում են: Լիանան նախատեսում է դրանցից մեկի հիման վրա նոր տեսահոլովակ ներկայացնել, նաև զուգերգով հանդես կգա քրոջ` Լիլիթ Ալավերդանի հետ: Հստակ ժամկետներ նշել, սակայն, երգչուհին դժվարացավ. «Անհատական երգ ու տեսահոլովակ վաղուց չեմ ներկայացրել, միևնույն ժամանակ, այս ընթացքում չեմ նկատել, որ ժողովրդի սերը պակասի, պարզապես հանդիսատեսի ճաշակը մի քիչ փոխվել է: Պահանջարկի առումով շատ երգեր կան, որոնք հիմա կերգենք, բայց այն ժամանակ գուցե չհասկանային»:

Լիանան նշեց, որ նոր երգերով իր վերադարձը գուցե շատերի համար անսպասելի լինի, քանի որ դրանք լինելու են ժամանակակից շնչով և նոր մոտեցմամբ. «Այսօրվա ժամանակին համահունչ երգեր են: Ավելի նորովի կներկայանամ հանդիսատեսին: Ինչ էլ անեմ, պիտի անեմ որակյալ տարբերակով, որովհետև ամեն ինչ անում եմ կա՛մ լավ, կա՛մ չեմ անում: Հուսով եմ ու կարծում եմ, որ հանդիսատեսը կսիրի աշխատանքներս։ Գուցե մի քիչ շոկային կլինի, քանի որ չեն սպասում ինձ այդպիսի երգերով: Միշտ շատ լուրջ երգեր են սպասում ինձնից նաև վոկալային առումով, բայց սրանք լինելու են ավելի թեթև ու գեղեցիկ հնչողությամբ երգեր: Պիտի ժամանակի շնչին համընթաց գնաս, այնպիսի բան երգես, որ մարդիկ լսեն ու սիրեն»:

Երգչուհին նկատեց, որ տևական դադարը պայմանավորված էր ինչպես բալիկի խնամքի, այնպես էլ իր առողջական խնդիրների հետ: Լիանան ուրախությամբ փաստեց, որա սյդ ամենն արդեն անցյալում է, ինքն անցել է ակտիվ ստեղծագործական կյանքի. «Դժվար է ամբողջությամբ հաղթահարել խնդիրը, քանի որ երիկամների քարի հետ կապված խնդիրը կարող է կրկնվել, բայց վիրահատությունից հետո փորձում եմ ինձ հետևել: Դա ինձ շատ էր խանգարում, չէի կարողանում եթերների մասնակցել, շարժվել, երբ սուր ցավերս սկսում էին: Երազում էի ուղղակի շարժվել ու նախանձում էի այն մարդկանց, որոնք կարող են քայլել, որևէ ցավ չզգալ: Դա երևի միակ դեպքն էր իմ կյանքում, որ նախանձում էի»,-ասաց երգչուհին:

Լիանան նշեց, որ նոյեմբերի 7-ին մեկնելու է Ավստրալիա՝ Սիդնեյ, որտեղ կմասնակցի Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված բարեգործական համերգին:

Աղբյուր՝  Tert.am Life