Սևազգեստ մայրերի վրա ոստիկանների թքելու դեպքով ծառայողական քննություն է անցկացվում

Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի վրա ոստիկանների թքելու դեպքի առնչությամբ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է անցկացվում: Այս մասին Bavnews.am-ին տեղեկացրեցին ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից:

Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 9-ին, կառավարության մոտ սևազգեստ մայրերի եւ ոստիկանների միջեւ քաշքշուկ էր տեղի ունեցել: Որդեկորույս մայրերին, ովքեր ցանկացել էին հանդիպել Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, հրմշտել էին տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները:

Նրանցից մեկը քաշքշուկի ժամանակ թքել էր սեւազգեստ մայրերից Նանա Մուրադյանի, մյուսը՝ Իրինա Ղազարյանի վրա՝ միաժամանակ անպարկեշտ արտահայտություններ նետելով վերջիններիս հասցեին:

Ավելի ուշ, Նանա Մուրադյանի ինքնազգացողությունը վատացել էր, նա, սակայն չի համաձայնել տեղ հասած շտապօգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխվել:

«Ոստիկանությունում մեզ ասացին, որ պետք է թքելու միջադեպի առնչությամբ դիմում գրենք, բայց մենք հրաժարվեցինք՝ ասելով, որ միջադեպը ֆիքսվել է տեսախցիկների կողմից, թող այդ տեսանյութերն ուսումնասիրեն»,- երեկ մեզ հետ զրույցում պատմել էր Իրինա Ղազարյանը:

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...