Քաղաքականություն

Սերժ Սարգսյանի հարցազրույցը ռուսական «Известия»-ին` Հայաստանում տիրող իրավիճակի մասին «Ժողովուրդ»

Հայաստանի Հանրապետությունում կառավարման խորհրդարանական համակարգի անցումը թույլ կտա իրականացնել ժողովրդավարական վերափոխումներ և ավելի արագ տեմպերով զարգացնել Հայաստանի տնտեսությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ռուսական «Известия»-ի հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության՝ ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը:

«Իրականում մենք արդեն մի քանի օր է՝ ապրում ենք խորհրդարանական հանրապետությունում: Վաղը պատգամավորները կընտրեն վարչապետի: Այդպիսով, կձևավորվեն երկրի կառավարման բոլոր հիմնական օրգանները: Հայաստանում սահմանադրական փոփոխությունները սկսվեցին 2005 թվականին (2005թ. անցկացված հանրաքվեով ներդրվեցին զսպումների և հակակշիռների մեխանիզմներ, նշանակալիորեն կրճատվեցին Նախագահի լիազորությունները, իսկ Ազգային ժողովի դերն ընդլայնվեց- խմբ.): 2007 թվականից դրանք օրինական ուժի մեջ մտան: Երկար ժամանակ աշխատելով պետական կառավարման բարձր պաշտոններում, այդ թվում և վարչապետի ու նախագահի պաշտոններում, մենք գործընկերներիս հետ եկանք այն եզրակացության, որ կիսանախագահական կառավարման ձևաչափն իր մեջ պարունակում է մեծ սպառնալիքներ, քանի որ հավասարակշռված չէ»,- նշել է Սերժ Սարգսյանը:

Նա ընդգծել է, որ ստացվել էր այնպես, որ նախագահը մեծ պատասխանատվություն էր կրում երկրի ներքին և արտաքին քաղաքականության, անվտանգության ապահովման հարցերում, սակայն չուներ համապատասխան լիազորություններ, որպեսզի կյանքի կոչեր Սահմանադրությամբ նախատեսված պարտականությունները: «Վերադարձը կառավարման նախագահական համակարգի դրականորեն չէր ընկալվի մեր հասարակությունում: Չէ որ 2008 թվականի նախագահի ընտրություններն անցան ոչ հարթ: Գրեթե բոլոր քաղաքական ուժերը պահանջում էին փոխել կառավարման համակարգը խորհրդարանականի: Պատասխանելով նման ցանկություններին՝ մենք որոշեցինք հավասարակշռել երկրի քաղաքական կառուցվածքը, որն այժմ աչքի է ընկնում խորհրդարանի ուժեղ օրենսդրական իշխանությամբ, որի դիմաց կառավարությունը լիարժեք պատասխանատվություն է կրում: Կարծում եմ, որ կառավարման նման ձևն ավելի է համապատասխանում հայկական իրականությանը, մեր ժողովրդի մենթալիտետին: Դա թույլ կտա իրականացնել ժողովրդավարական վերափոխումներ և ավելի արագ տեմպերով զարգացնել Հայաստանի տնտեսությունը»,- ասել է Սարգսյանը:

Նյութի աղբյուրը՝ armlur.am

Կիսվեք էջում