Սերը, որ հաղթեց մեր պարտված պատերազմին. Վրեժը կորցրեց տեսողությունը, բայց հասավ իր սիրուն

Սերը, որ հաղթեց մեր պարտված պատերազմին. Վրեժը կորցրեց տեսողությունը, բայց հասավ իր սիրուն

Sputnik Արմենիան գրում է․ Վրեժի ու Քրիստինեի սերը հաղթել է մեր պարտված պատերազմին։ Նրանց սերը թևեր է տալիս դիմացինին ու համոզում` երբեմն նաև կարող ենք թռչել, եթե սիրելիի հետ ենք…

Վրեժը պատերազմի ժամանակ կորցրել է մեկ աչքը և մյուսի տեսողությունը։ Այժմ նրա աչքերն են դարձել օրերս իր կինը դարձած Քրիստինեի ձեռքերը. նրանք օգոստոսի 11-ին են ամուսնացել։

20-ամյա Վրեժ Բադալյանն արդեն իսկ 1 տարի ծառայել էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Վրեժը Մատաղիսում էր ծառայում, և պատերազմը սկսվելուց 5 օր անց թշնամին գրավեց նրանց դիրքը։

«Սկզբում մտածեցինք` երևի Թալիշն են ուզում գրավել, ինչին թշնամին հասավ պատերազմը սկսվելու հենց հաջորդ օրը` սեպտեմբերի 28-ին։ Թալիշում երկու մոտ ընկերներս զոհվեցին։ Նրանց ամենադաժան ձևով էին սպանել, չէին կրակել։ Թալիշից մեր գնդից միայն կեսը վերադարձավ։ Մյուսները զոհվեցին, ու հասկացանք` ամեն ինչ լուրջ է, քանի որ թշնամին առաջ էր գալիս»,–պատմում է Վրեժը։

Պատերազմի օրերը հիշելն այնքան էլ Վրեժի սրտով չէ. խոսելիս նյարդայնանում է։ Քրիստինեն նկատում է ու շոյում ամուսնու մորուքը։

Կարճ դադարից հետո Վրեժը շարունակում է պատմել, որ հետո թշնամին Մատաղիսի համար է սկսել կռիվ տալ. հոկտեմբերի 2-ին թեժ մարտեր են ընթացել, որոնց ժամանակ էլ վիրավորվել է։ Առաջին անգամ ընկերոջ հետ խրամատում են եղել, երբ սկսել են հրթիռակոծել «Գրադ»–ից։ Վնասվել է Վրեժի ձեռքը, ոտքը, թոքը։

Սակայն տեսնելով, որ ընկերն ավելի շատ վնասվածքներ ունի (որովայնն է պատռվել)` իր ցավն ու թոքի վնասվածքի հետևանքով շնչառական անբավարարությունն անտեսել է և ընկերոջ կյանքն է փրկել` նրան սողեսող դիրքերից ներքև իջեցնելով։

Հետո ընկերները Վրեժին էլ զինվորական մեքենայի թափքին են դրել Ստեփանակերտ հասցնելու համար, սակայն ճանապարհին ԱԹՍ–ով հարվածել են մեքենային։

«Միայն հիշում եմ, որ օդ թռա, և վերջ, գիտակցությունս կորցրել եմ։ 22 օր կոմայի մեջ եմ եղել և արթնացել արդեն Երևանում` «Էրեբունի» հիվանդանոցում։ Արթնացա, բայց ոչինչ չէի տեսնում, մատս անգամ շարժել չէի կարող։ Ցավերին դիմանալու համար նորից արհեստական կոմայի մեջ գցեցին։

Օրեր անց կրկին արթնացա ու հասկացա` տեսողությունս կորցրել եմ»,–պատմում է Վրեժն ու, չնայած այն հանգամանքին, որ ծխել չի կարելի, քանի որ թոքը վնասված է, Քրիստինեին խնդրում է ծխախոտ տալ։

Վրեժը ծխում է, իսկ Քրիստինեն նրա գանգուրների հետ է խաղում։ Խնդիրների մասին շատ խոսել Վրեժը չի սիրում, և նրա մայրը` տիկին Լիլիթն է շարունակում պատմել։

Մայրն ասում է, որ երբ որդու հետ կապը կտրվել է, նրան սկսել են հիվանդանոցներով փնտրել. անճանաչելի դարձած Վրեժին Քրիստինան է ճանաչել ձեռքի վրայի խաչի տեսքով դաջվածքից։

«Շատ բան ենք տեսել այս ընթացքում` Վրեժի գլխի մի հատվածն են տիտանիտով հավաքել, ծնոտը վիրահատել, 3 անգամ աղիներն են վիրահատել։ Այս ընթացքում նա չէր քայլում, Մոսկվա տարանք. այնտեղ աղիները կրկին վիրահատեցին, բացի այդ, հրաշք եղավ` որդիս սկսեց քայլել։ Հիմա մեր միակ երազանքն է, որ Վրեժը տեսնի»,–ասում է տիկին Լիլիթը և հարսին նայում. Քրիստինան հուզվել է, սակայն չի ուզում, որ Վրեժը տեսնի։ Դուրս է գալիս սենյակից։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում