ՍԴ լիազորություններին տիրանալը համարվում է իշխանության զավթում. Գևորգ Կոստանյանը՝ Վահե Գրիգորյանին. «Հրապարակ»

ՍԴ լիազորություններին տիրանալը համարվում է իշխանության զավթում։ «Հրապարակ» թերթը գրում է. «Մոսկվայում գտնվող նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին հարցրինք` ինչո՞վ է զբաղված այնտեղ։ «Դասավանդում եմ գործող դատախազներին, ուսանողներին»:

Հետևո՞ւմ եք հայաստանյան զարգացումներին։ «Շատ հպանցիկ»: Ինչո՞ւ։ «Որովհետև շատ ծանրաբեռնված եմ ոչ միայն գիտամանկավարժական, այլև իմ մասնագիտությամբ պայմանավորված այլ գործունեությամբ»:

Տեղյա՞կ եք, որ ՍԴ նոր նախագահ «ունենք»: Ծիծաղում է. «Հայաստանը ՍԴ նոր նախագահ ունի 2018-ից»: Այդ դեպքում ինչո՞վ կբացատրեք ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի ինքնահռչակումը ՍԴ նախագահ: «Ես որևէ մեկի հայտարարությունները չեմ մեկնաբանում, ես իմ դիրքորոշումն եմ հայտնում երևույթի նկատմամբ. սահմանադրաիրավական տեսանկյունից այս հարցն անգամ ավելորդ եմ համարում քննարկել՝ Սահմանադրությունը հստակ ու սպառիչ կարգավորել է այս հարցը, և ցանկացած քննարկում խնդրո առնչությամբ համարում եմ ոչ թե իրավական, այլ քաղաքական բնույթի»:

Ի՞նչ զարգացումներ եք տեսնում։ «Վստահ եմ, որ ՍԴ-ն շարունակելու է իր գործունեությունը Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված կարգով»: Բայց չի բացառվում, որ Սահմանադրական դատարանի շուրջ զարգացումներ լինեն։

«Իշխանության գործողություններին ես չեմ անդրադառնա, սակայն կարող եմ ասել, որ Սահմանադրական դատարանի նկատմամբ ոչ իրավական` հակաօրինական գործընթացներ եթե ծավալվեն, հարցը կտեղափոխվի քրեաիրավական դաշտ` դրանից բխող հետևանքներով»:

Կկոնկրետացնե՞ք։ «Խնդիրն այն է, որ ՍԴ լիազորություններին տիրանալը դիտվում է իշխանությունը զավթելու եղանակ, ինչը նախատեսված է Քրօր․ 300 հոդվածով՝ որպես առանձին հանցագործություն»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: