Սարի աղջիկ սերիալի շնորհիվ մարդիկ ճանաչեցին ու լսեցին անունս․ Լիլիթ Բադանյան

Սարի աղջիկ սերիալի շնորհիվ մարդիկ ճանաչեցին ու լսեցին անունս․ Լիլիթ Բադանյան

Tert.am Life-ը գրում է․ Դերասանուհի Լիլիթ Բադանյանի համար «Սարի աղջիկ» հեռուստասերիալը դեբյուտային էր։ Tert.am Life-ի հետ զրույցում նա խոսել է օրերս արված նոր ֆոտոշարքի, սերիալի ավարտի, նկարահանվելու առաջարկների և հայտնիության մասին։

Ըստ Լիլիթի՝ նոր ֆոտոշարքն առանց ծրագրելու է ստացվել։ «Ամառային շունչ էի ուզում, ընկերոջս՝ լուսանկարիչ Ծատուր Օհանյանին, խնդրեցի, որ լուսանկարի ինձ: Իրականում, նա էլ վաղուց ուզում էր ինձ լուսանկարել, ուղղակի չէր ստացվում:

Գնացինք գեղեցիկ շենքերի բակ, գեղեցիկ լուսանկարներ ստացանք: Հատուկ չէի պատարաստվել, կերպարանափոխվել, լուսանկարներում Լիլիթն է, առանձնահատուկ ոչինչ չկա»,- պատմեց նա:

Այս օրերին ցուցադրվում են Լիլիթի մասնակցությամբ «Սարի աղջիկ» հեռուստասերիալի վերջին սերիաները։ «Սիրահարվել եմ «Սարի աղջիկ» հեռուստասերիալի ստեղծագործական թիմին, որն ինձ համար ընտանիք է:

Լիլիթ Բադանյան

Շնորհակալ եմ Դիանա Գրիգորյանին ինձ վստահելու համար: Մեր ընտանիքում ամեն մեկը հոգ էր տանում մեկ ուրիշի մասին, անհանգստանում նրա խնդրով, փորձում այնպես անել, որ դա լուծվի:

Մեր խմբում բոլորն իրենց գործի նվիրյալներն էին, գալիս էին աշխատանքի ու սրտացավորեն աշխատում: Սերիալներում հնարավորություններն այնքան էլ մեծ չեն, մեկ մասնագետը կարող է մի քանի մասնագետի ֆունկցիա կատարել, մեր խմբում մարդիկ ջանք ու եռանդ չէին խնայում, որ մինիմալ ռեսուրսներով ստանային մաքսիմալ արդյունք»,- ասաց նա:

Դերասանուհու խոսքով՝ չնայած մի քանի տարի է՝ թատրոնում մեծ զբաղվածություն ունի, հեռուստասերիալի շնորհիվ մարդիկ ճանաչեցին իրեն։ ««Սարի աղջկա» շնորհիվ մարդիկ ճանաչեցին ու լսեցին անունս, սիրեցին ինձ ու գնահատեցին խաղս:

Ինձ համար սա մեծ փորձ էր: Մի բան է, երբ թատրոնում ես խաղում, մեկ այլ բան, երբ նկարահանվում ես հեռուստասերիալում, աշխատում տեսախցիկի հետ, որը հմտություններ է պահանջում: Այդ հմտություններն աշխատանքի ընթացքում ես սովորում, որովհետև ինստիտուտում անցնում ես միայն թատրոնում աշխատելու հմտություններ, կինոն բաց է թողնված:

Սարի աղջիկ սերիալի

Թերացումներ, իհարկե, ունեցել եմ, ես առաջինն եմ դրանք նկատում, որովհետև խստապահանջ եմ ինքս իմ ու աշխատանքիս հանդեպ: Բայց նորմալ է, առաջին փորձս էր»,- նշեց Լիլիթը։

Դերասանուհին նշեց, որ տեսակով կարիերիստ չէ, չի ձգտում նպատակային ինչ-որ բան անել, որպեսզի աչքի ընկնի: «Չնայած այս ամենին՝ հասկանում եմ, որ աշխատանքս դա է պահանջում, ռեժիսորները պետք է իմանան, որ կա Լիլիթ անունով դերասանուհի, որը համապատասխանում է իրենց այս կամ այն նախագծին: Հետևաբար, հայտնի լինելու անհարաժեշտությունը կա ու իմ գործում պարտադիր պայման է:

Ուրախ եմ, որ այսպես ստացվեց, արդեն առաջարկներ եմ ստանում, որովհետև ճանաչելի եմ դարձել»,- ասաց նա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում