ԱշխարհՄամուլ

Սանկտ Պետերբուրգում շտապօգնության բժիշկը ծեծել է հայազգի 76-ամյա հիվանդին

Սանկտ Պետերբուրգի տարեց բնակիչը՝ հայազգի Ժորա Միրզոյանը, հայտնել է, որ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին շտապօգնության բժիշկը ծեծել է իրեն: Դրա հետևանքով Միրզոյանին շտապօգնության մեկ այլ մեքենայով տեղափոխել են վնասվածքաբանության բաժանմունք:

76-ամյա Ժորա Միրզոյանի կինը պատմել է, որ ամուսինը նախկինում սրտի կաթված է ստացել և առիթմիա ուներ: Հունվարի 9-ի առավոտյան նրա ինքնազգացողությունը հանկարծակի վատացել է, ճնշումը հասել է 190-ի, սկսել է շնչահեղձ լինել: Նրանք շտապօգնություն են կանչել: Ժամանած բժիշկներին ամուսինները հայտնել են, որ կգնան միայն պատերազմի վետերանների հոսպիտալ:

«Մենք պայմանավորվեցինք, մեզ ասացին, որ այնտեղ մեզ սպասում են: Ինքներս տաքսիով չէինք կարող գնալ, քանի որ ամուսինս կարող էր կտրուկ վատանալ ճանապարհին»,- պատմել է կինը:

76-ամյա հիվանդ

Նա ասել է՝ բժիշկներն ամուսնուն բուժօգնություն չեն ցուցաբերել, սակայն հրավիրել են նստել մեքենան: Երբ ճանապարհին վարորդը այլ ուղղություն է վերցրել` ուղևորվելով այլ հիվանդանոց, հիվանդը զայրացել է և սկսել հարվածել պատուհանին: Մեքենան կանգ է առել, բժիշկ Բոնդարևը դուրս է եկել մեքենայի առաջամասից, հետաքրքրվել՝ ինչ է պատահել: Հիվանդի պահանջին՝ իրեն տեղափոխել կոնկրետ կլինիկա, բժիշկը կտրուկ արձագանքել է.

«Ուր ուզեմ, այնտեղ էլ կտանեմ»: Հիվանդը փորձել է դուրս գալ մեքենայի սրահից, սակայն բժիշկը փորձել է նրան ուժով պահել:

«Նա ամուսնուս կոկորդից բռնեց, փակեց բերանը և սկսեց խեղդել: Ես սկսեցի գոռալ: Բժիշկը հարվածեց ամուսնուս քթին, սկսեց արյուն գալ: Ես ցանկանում էի նրանց միջև կանգնել, սակայն բուժքույրը ինձ հրեց և ձեռքերս մեջքիս հետևում պահեց»,- պատմել է Միրզոյանի կինը:

Բուժքույրը փորձել է կանգնեցնել Միրզոյանի  քթի արյունահոսությունը, որից հետո նրանց բաց են թողել: Տարեց ամուսինները դիմել են ոստիկանություն, որտեղից նրանց տեղափոխել են վնասվածքաբանության բաժանմունք: Այնտեղ էլ տարեց տղամարդուն հետազոտել են և քթին կարեր դրել:

Աղբյուր՝ shantnews.am

Կիսվեք էջում