Ռոբերտ Քոչարյանի գործից հրաժարված երեք դատավորների նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է տեղեկացնելու, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի, Ռոբերտ Քոչարյանի գործից հրաժարված երեք դատավորները` Նելլի Բաղդասարյանը, Հարություն Մանուկյանը և Դավիթ Գրիգորյանը, տարբեր պատճառաբանություններով են հրաժարվել քննել սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը:

Եվ, ահա, դատավորների վարքագծի վերաբերյալ դիմում է եղել ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով, որպեսզի երեք դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվի:

Հանձնաժողովը քննել է և կարգապահական վարույթ է հարուցել երեք դատավորների նկատմամբ, և գործն օրերս ուղարկել է ԲԴԽ, որպեսզի այնտեղ որոշում կայացնեն` դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ հանձնաժողովի դիմումը մերժելու վերաբերյալ:

ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը հաստատեց մեր տեղեկությունները՝ հայտնելով, որ իրենք ստացել են ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դիմումը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: