ՌԴ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները տեղակայվել են Ագարակի հատվածում. Հայկ Մարտիրոսյան

ՌԴ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները տեղակայվել են Ագարակի հատվածում. Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀՈւՅԺ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆ

Փորձում են կյանքի կոչել Մեղրու ռուս-թուրքական միջանցքի ծրագիրը

Ըստ մեզ հասած հավաստի տեղեկությունների, նախորդ օրը ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները տեղակայվել են Ագարակի հատվածում արեւմտյան (Նախիջեւանի) ուղղությամբ Արաքս գետի ափամերձ ճանապարհի կից լանջերին գտնվող ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների դիրքերից առաջ` մեր եւ թշնամու միջեւ։

Զուգահեռաբար` ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հանվել են տվյալ հատվածում գտնվող իրենց զորանոցից, իսկ հաջորդ քայլով դրանք պետք է դուրս բերվեին նաեւ իրենց դիրքերից, ինչից հետո արաքսամերձ ճանապարհին կից այդ հատվածը պետք է մնար բացառապես ռուսական սահմանապահների վերահսկողության ներքո։

Այսօր առավոտյան ստացված տեղեկությունների համաձայն որոշումը փոփոխվել է եւ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները վերադառնում են իրենց զորանոց։ Հիշեցնում ենք, որ հրադադարից հետո Նռնաձորի հատվածում արեւելյան ուղղությամբ արաքսամերձ ճանապարհի պահպանությունն ի սկզբանե հանձնված է ռուսական սահմանապահ զորքերին, իսկ Հայաստան-Իրան սահմանն Արաքսի երկայնքով 1992 թվականից պահպանում են ռուսական սահմանապահները։

Ասվածը փաստում է, որ եթե ռուսական սահմանապահներին անցնի նաեւ Նախիջեւանի ուղղությամբ արաքսամերձ ճանապարհի պահպանությունը, ապա Արաքս գետի երկայնքով ձգվող ամբողջ գոտին` հայ-ադրբեջանական շփման գծերի արեւելյան եւ արեւմտյան արաքսամերձ հատվածներով, այլեւս ամբողջությամբ կլինի բացառապես ռուսական վերահսկողության ներքո։

Ինչպես արձանագրված է 2020 թ. նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությամբ, այդ տարածքով պետք է անցնի Նախիջեւանը Ադրբեջանին կապող հաղորդակցային ուղի, որը պետք է վերահսկեն Ռուսաստանի ԱԴԾ ուժերը։

Փաստորեն` Նիկոլ Փաշինյանի դավաճանական ռեժիմն արդեն փորձում է մեկնարկել այսպես կոչված Մեղրու միջանցքի ծրագիրը, որը Հայաստանը կկտրի Իրանից եւ կդարձնի թյուրքական շրջապատման մեջ գտնվող կղզի։

Հայաստանը կործանելու այս ծրագիրն առայժմ խափանվում է աշխարհաքաղաքական միջամտությունների շնորհիվ։ Սակայն հայ ժողովուրդն է լինելու հիմնական գործոնը, որ պետք է բռնի դավաճանի ձեռքն ու չեզոքացնի կործանարար սպառնալիքը։

Ազգային-ժողովրդավարական բեւեռի խորհուրդ»։