«Ջրահարսերի մազերը հիմնականում այս երանգի են». Շուշան Երիցյանը՝ ոճային փոփոխության և Դուբայում անցկացրած անմոռանալի հանգստի մասին (Photo)

Մոդել, դերասանուհի Շուշան Երիցյանը ձմռան ցուրտ օրերին հանգիստը վայելել է արևային երկրում: Նա օրերս է վերադարձել Դուբայից, որտեղ 12 օր տևած հանգիստն անցկացրել է մտերիմ ընկերուհու՝ Նանայի հետ:

Tert.am Life-ի հետ զրույցում մոդելը պատմել է ինչպես Դուբայում անցկացրած օրերի, այնպես էլ վարսերի գունային փոփոխության և ավելի շատ ճամփորդելու որոշման մասին:

Մոդելը նշեց, որ առաջին անգամ էր Դուբայում, թեև վաղուց էր ուզում այնտեղ լինել. «Այն ինձ համար հատուկ քաղաք էր, որտեղ ցանկանում էի կոնկրետ առիթով մեկնել: Առաջին շարժառիթը եղավ տոներն այնտեղ շարունակելը, մյուսը, որ ինձ համար շատ սիրելի ու թանկ մարդու՝ ընկերուհուս հետ էի մեկնելու։ Այսինքն վստահ էի, որ ամեն ինչ անցնելու է այնպես, ինչպես ես միշտ պլանավորել եմ։ Բավականին հագեցած ու ակտիվ հանգիստ ենք ունեցել»։

Շուշան Երիցյան

Ինչ վերաբերում է իր և ընկերուհու նախընտրություններին, մոդելը նկատեց, որ դրանք շատ հարցերում համընկնում են: «Լինում էր, որ տարբեր ցանկություններ էինք ունենում, բայց մենք շատ ադեկվատ ենք մեկս մյուսի հանդեպ, ոչ մի կոնֆլիկտ, խոչընդոտող հանգամանքներ չեն եղել:Հանգիստը վայելում էինք այնպես, ինչպես ցանկանում էինք»,-ասաց նա

Շուշանը պատմեց, որ այցելել են ակումբներ, ժամանցի տարբեր կենտրոններ, բայց ամենից շատ իրեն տպավորել է անապատը. «Քանի որ վերջին շրջանում առավել պասիվ հանգստի կողմնակից եմ դարձել, ինձ շատ գրավեց անապատը: Այնտեղի ուժն ու էներգետիկան ավելի շատ տպավորեց, քան ակումբներում ժամանակ անցկացնելը»:

Մոդելը վիդեհոլովակ է հրապարակել, որում արաբական հանդերձանքով պարում է անապատում։ Նա ասաց, որ միշտ ցանկացել է առաջին անգամ Դուբայում լինելիս անապատում պարել: «Այդ միտքը վաղուց ունեի ու իրականացրի: Իհարկե, պարս սիրողական էր, չնայած այն հանգամանքին, որ արդեն մեկ ամիս է` հաճախում եմ պրոֆեսիոնալ պարի դասընթացների, գուցե, դա ինչ-որ ազդեցություն թողած լինի: Չեմ պատրաստվում պարուհի դառնալ, պարզապես սիրում եմ պարել»,- նշեց Շուշանը:

Շուշան Երիցյան

Նա նկատեց, որ արաբական երկրների մասին միշտ առանձնահատուկ պատկերացում է ունեցել և ասաց, որ Դուբայն իր հոգեվիճակի վրա դրական ազդեցություն է թողել. «Այնտեղ ինչ-որ անբացատրելի շունչ կար: Իրենց մշակույթի մեջ մի էներգետիկա կա, որն ինձ շատ է դուր գալիս: Դուբայում շատ բան փոխվեց իմ աշխարհընկալման մեջ: Չգիտեմ, երևի օդի մեջ մի բան կա, որը գիտակցությունդ բացում է»:

Անդրադառնալով վարսերի գունային փոփոխությանը՝ Շուշանն ընդգծեց, որ դա ոչ թե դեպրեսիան հաղթահարելու միջոց է եղել, ինչպես շատ աղջիկների պարագայում է, այլ հերթական ոգեշնչման արդյունք: «Իմ կյանքի տարբեր փուլերում ես ինձ համար ոգեշնչման աղբյուր եմ գտնում: Համաշխարհային աստղերի, կինոյի վառ կերպարների օրինակով կարող եմ ոգեշնչվել: Քանի որ ջրահարսերի հանդեպ հետաքրքրություն ունեմ, ուսումնասիրում եմ իրենց հետ կապված թեմաները և պարզել եմ, որ իրենց մազերը հիմնականում այս երանգի են եղել: Այս անգամ ոգեշնչվեցի նաև այդ հանգամանքից: Ինձ շատ է  դուր գալիս այս երանգը և կարծում եմ՝ դեռ երկար ժամանակ չեմ փոխի»,- ասաց մոդելը:

Շուշան Երիցյան

Շուշանը նշեց, որ սիրում է կտրուկ փոփոխություններ անել, թեև բացառեց երկար վարսերից հրաժարվելը: Նրա խոսքով, նոր կերպարի վերաբերյալ շատ տարբեր արձագանքներ է ստացել:

«Մարդկանց ընկալումը միանշանակ չի եղել, բայց այն մարդիկ, որոնք ինձ համար թանկ են, իրենց կարծիքը կարևորում եմ։ Նրանք շատ են հավանել, իսկ քննադատություններ, բնականաբար, կան, բայց ես դրան շատ հանգիստ եմ վերաբերվում»,– ասաց նա։

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին`Շուշանն ասաց, որ հնարավոր է կարճաժամկետ մի նախագծում նկարահանվի, սակայն առայժմ մանրամասներ հաղորդել չի կարող: Նրա փոխանցմամբ` ընթացիկ տարին ավելի շատ նվիրելու է ճամփորդելուն ու նոր երկներ բացահայտելուն:

«Միայն կարճաժամկետ նախագծերում կարող եմ նկարահանվել, քանի որ երկար ժամանակ Հայաստանում չեմ լինելու: Մի քանի օրից նորից մեկնելու եմ, ուղղությունսդեռ  հստակ չեմ որոշել: Վստահաբար, տաք երկիր կմեկնեմ կամ Մեքսիկա, կամ Բալի: Ուզում եմ ավելի շատ ճանապարհորդել ոչ թե պարզապես հանգստի նպատակով, այլ իմ մեջ հոգևոր ընկալումներ զարգացնելու»,-եզրափակեց նա:

https://www.instagram.com/p/Bsu6lP2hPOg/

Աղբյուր՝ Tert.am