«Պոբեդան» դադարեցնում է Հայաստան չվերթները

«Պոբեդան» դադարեցնում է Հայաստան չվերթները։ «Պոբեդա» լոուքոսթերը ձմեռային սեզոնից դադարեցնում է Գյումրի (Հայաստան) չվերթները: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ավիաընկերությունում աղբյուրը: Նրա խոսքով՝ չվերթների դադարեցման վերաբերյալ որոշման պատճառը կապված է Գյումրիի օդանավակայանում վառելանյութի պարբերական թերլիցքավորման հետ:

«Գյումրիի օդանավակայանում, ցավոք, վառելանյութի լիցքավորման ընկերությունը պարբերաբար թերլիցքավորում է կատարում: «Պոբեդան» բազմիցս դիմել է օդանավակայանի ղեկավարությանը՝ պահանջելով պարզել իրավիճակը: Սակայն օդանավակայանի միջոցառումներն անբավարար են, եւ վառելանյութ լիցքավորողը շարունակում է թերլիցքավորման պրակտիկան:

«Պոբեդան» իր ծրագրած չվերթները Գյումրի կկատարի մինչեւ ամառային սեզոնի վերջը, որպեսզի իր հաճախորդներին դժվար դրության մեջ չդնի, բայց ձմեռային սեզոնից այս երթուղով տոմսերի վաճառքը դադարեցված է»: