ՊԵԿ․ պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառքի դեպք է բացահայտվել

Bavnews.am-ին հայտնեցին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի մամուլի բաժնից, որ ՊԵԿ պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

2019 թվականի մայիսի 2-ին ՀՀ քաղաքացի Ս.Ք.-ն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության թիվ 10՝ հետաքննության բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ բազմաբնակարան շենքի շինարարության թույլտվություն տալու համար Երևան քաղաքի վարչական շրջաններից մեկի ղեկավարը տարիներ առաջ իրենից պահանջել և ստացել է 40.000 ԱՄՆ դոլար գումար, որից հետո Երևանի քաղաքապետի կողմից Ս.Ք.-ին պատկանող ընկերությանը տրվել է շինարարության թույլտվություն:

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության թիվ 10 բաժնում նախապատրաստված նյութերով պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով 2019 թվականի մայիսի 3-ին հարուցվել է քրեական գործ:

Ծանուցում: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: