ՊԵԿ նախագահը Կարեն Կարապետյանի՞ն է մեղադրում. Օղակը սեղմվում է

Lragir.am-ը գրում է․ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք ՊԵԿ այն պաշտոնյաները, որոնք կոռուպցիոն սխեմաների մեջ են եղել, պետք է պատժվեն, ասել է. «Նախկինում պայմանավորվածությունները ձեռք են բերվել Պետական եկամուտների կոմիտեի և գործարարության որոշ ներկայացուցիչների միջև: Այդ համաձայնություններն ավելի բարձր մակարդակում հավանության են արժանացել: Ես ՊԵԿ որևէ պաշտոնյայի անուն չեմ կարող առանձնացնել, որովհետև համակարգն է համաձայնության եկել: Եթե որոշ առաջարկություններ են արվել, երկրի ղեկավարության հետ համաձայնության են եկել, մենք որևէ իրավունք չունենք ՊԵԿ-ի որևէ պաշտոնյայի մեղադրել»:

Հարցին՝ արդյոք այդ սխեմաների հովանավորը Սերժ Սարգսյանն է, Անանյանը պատասխանել է, որ համաձայնեցվել է վարչապետի մակարդակով: Ու՞մ է մեղադրում Դավիթ Անանյանը: Սերժ Սարգսյանը վարչապետ է դարձել ապրիլի 17-ին եւ ընդամենը մեկ շաբաթ է պաշտոնավարել: Գործարքը հազիվ թե այդ ժամանակ կայացած լիներ: Պետք է ենթադրել, որ Դավիթ Անանյանն անօրինական գործարքի հովանավորության մեջ մեղադրում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին: Առավել եւս, որ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը Կարեն Կարապետյանի թիմի անդամ էր:

ԱԱԾ-ն կոռուպցիոն սխեմա է բացահայտել, որը խոշոր ցանցերին թույլ էր տվել մեծ հարկեր թաքցնել: Կա սակայն ընդհանուր ընկալում, որ եթե գործարքը եղել է պետական մարմնի հետ, ապա գործարարներին չպետք է պատասխանատվության կանչել: Եվ կարելի է Սամվել Ալեքսանյանին ստիպել վճարել բոլոր հարկերը, բայց օրենքի խախտման մեջ դժվար թե հնարավոր է մեղադրել:

Դավիթ Անանյանն ասել է, որ գործարքը ոչ թե ՊԵԿ կոնկրետ աշխատակցի հետ է եղել, այլ համակարգի: Ստացվում է, որ համակարգային կոռուպցիան կոռուպցիա չէ, եւ ոչ ոք մեղավոր չէ:

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում