Պարեկներն իրենց կյանքը վտանգելով Կիևյան կամրջից փրկել են մի կնոջ, ով սոցիալական խնդիրներից դրդված ցանկացել է նետվել

Պարեկներն իրենց կյանքը վտանգելով Կիևյան կամրջից փրկել են մի կնոջ, ով սոցիալական խնդիրներից դրդված ցանկացել է նետվել

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ ծառայություն կատարելիս են եղել Կիևյան կամրջի հարևանությամբ, երբ նրանց են մոտեցել մի քանի քաղաքացի և հայտնել, որ մի կին անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ցած նետվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 3-րդ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և նույն գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Գևորգ Մնացականյանն ու Դավիթ Մադոյանը կարողացել են օպերատիվորեն հասնել նշված վայր և այդ կնոջը մեծ դժվարությամբ բռնել ու վտանգավոր եզրագծից տեղափոխել անվտանգ վայր:

Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում այդ կնոջ ազգականը ասում էր. «Կինը, ով մեր հարազատներից է, 33 տարեկան է: 3 երեխա ունի իր խնամքին:

Սոցիալական խնդիրներից դրդված, փորձել է ինքնասպան լինել, բայց լավ էր, մեզ քաղաքացիներն ասացին, որ ինչ-որ երկու պարեկ, որոնցից մեկը՝ վտանգելով իր կյանքը, անցել է վտանգավոր եզրագիծն ու մեր հարազատին փրկել: Թող նման դեպքեր երբեք չլինեն:

Բոլորս էլ ունենք սոցիալական խնդիրներ ու անլուծելի խնդիր չկա: Նորից ուզում ենք մեր շնորհակալական խոսքն ուղղել պարեկներին»:

Պարեկների ուղեկցությամբ 33-ամյա կինը տեղափոխվեց ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: