Պատկերացնո՞ւմ եք՝ կաթողիկոսը նման հայտարարությամբ հանդես գար Քոչարյանի օրոք․ Ալեն Սիմոնյան (Տեսանյութ)

Պատկերացնո՞ւմ եք՝ կաթողիկոսը նման հայտարարությամբ հանդես գար Քոչարյանի օրոք․ Ալեն Սիմոնյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

-Երևանյան, այսպես ասած, թոփ թեման Հայոց Կաթողիկոսի հայտարարությունն է և դրա շուրջ առաջացած արձագանքը, ընդ որում՝ նաև ձեր արձագանքը: Ինչո՞ւ որոշեցիք դուք արձագանքել այդ հայտարարությանը:

-Որովհետև քիչ թե շատ ծանոթ եմ ներքին խոհանոցին, ճանաչում եմ նաև շատ հոգևորականների, այդ թվում նաև կաթողիկոսին, ինչպես նաև որպես մարդ, որի կյանքում շատ մեծ դեր ունի Հայ Առաքելական եկեղեցին:

Ես մեծ ցավ ապրեցի, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը իջավ այդ մակարդակի՝ և սկսեց զբաղվել դատական ատյանում քրեական գործի խափանման միջոցի փոփոխման հարցով ոչ թե ընդհանուր մարդասիրական առումով, ինչպես ներկայացվում է, այլ կոնկրետ մեկ մարդու հետ կապված, ով մեղադրվում է Մարտի 1-ի և ՀՀ-ում սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Ինձ համար շոկ էր, ինձ համար ցավալի էր, և իմ ասելիքն այն է, որ կաթողիկոսը պետք է մնա կաթողիկոս: Եթե ցանկանում էիք ինչ-որ բանի խառնվել, ապա ինչո՞ւ դա չէիք անում անցյալում:

Եվ եթե, այնուամենայնիվ, որոշել եք, պայմանական ասած՝ հասարակ մահկանացուներիս կյանքի մեջ այդ կանոններով խաղալ և դերակատարում ուենանալ, ապա պետք է այդ կանոններին ենթարկվեք և չզարմանաք եթե հանրությունը դրան արձագանքում է:

Իսկ ես ԱԺ պատգամավոր եմ, քաղաքացիների մի ստվար զանգված ինձ պատվիրակել է, և ես չէի կարող կարծիք չարտահայտել: Բայց ասեմ, որ արձագանքիս հիմնական պատճառը ցավն է:

-Իսկ ի՞նչն է խանգարում այս հայտարարությունն ընկալել որպես սոսկ մարդասիրական քայլ:

-Կոնկրետ անվան նշումը, և երկրորդ՝ նախկինում 21 տարվա լռությունը: Պարզ է, ինչ-որ դեպքեր են եղել, և կաթողիկոսն արձագանքել է, բայց չի արձագանքել նմանատիպ և շատ կարևոր իրադարձությունների ժամանակ:

Կաթողիկոսի պատմությունը սկսվեց Հոկտեմբերի 27-ով, երբ նա գահադրվեց, և դրանից այս կողմ շատ դեպքեր են եղել, Մարտի 1 է եղել, «Սասնա ծռերի», «Հաց բերողի» պատմություն է եղել, երբ մարդուն պատժի կրման հետ 11 անհամատեղելի հիվանդությունով հանդերձ այնքան պահեցին, որ նա մահացավ:

Ինչ է, նա նախագահ չէր եղել, դրա համա՞ր մարդասիրությունը չէր գործում: Քանի՞ անգամ է կաթողիկոսը հանդիպել Մարտի 1-ի զոհերի հարազատների հետ և հարցերել, թե ինչի մասին է խոսքը:

Առավել մանրամասն՝ 1in.am-ի տեսանյութում