Չէի պատկերացնում, որ Սումգայիթի սարսափը կվերապրեմ Մոսկվայում. ադրբեջանցիների հարձակումից տուժած քաղաքացի (Տեսանյութ)

Չէի պատկերացնում, որ Սումգայիթի սարսափը կվերապրեմ Մոսկվայում. ադրբեջանցիների հարձակումից տուժած քաղաքացի

Այս մասին ֆեյսբուքյան օգտատեր Նաիրա Բաղդասարյանի հրապարակած տեսանյութում ասել է Մոսկվայում ադրբեջանցիների հարձակումից տուժած  քաղաքացի Էրիկ Անանյանը:

Ֆեյսբուքյան օգտատեր Նաիրա Բաղդասարյանը,  մասնավորապես, գրել է.

«Ադրբեջանցիների հարձակումից տուժած Էրիկը բուժում է անցնում Մոսկվայի Ինոզեմցևի անվան քաղաքային կլինիկական հիվանդանոցի դիմածնոտային բաժանմունքում: Կատարել են ծնոտի վիրահատություն, որը անցել է բարեհաջող: Բաժանմունքի գլխավոր բժիշկը ազգությամբ հայ է: Նա առանձին հիվանդասենյակ է տրամադրել Էրիկին և ասաց, որ մյուս շաբաթ արդեն դուրս կգրեն հիվանդին:

Էրիկը ունի նաև ուղեղի ցնցում, աչքի ոսպնյակի հետ կապված խնդիր, ատամներն են վնասվել: Էրիկը մասնագիտությամբ ավտոմեխանիկ է՝ հասկանալի լեզվով ասած դզող-փչող է: Ամուսնացած է: Ունի չորս զավակ: Ծնվել է Սումգայիթում և, 12 տարեկան է եղել, երբ սկսվել են ջարդերը: Նրանց ընտանիքը տեղափոխվել է Հայաստան, հետո՝ Ռուսաստան:

Էրիկը ասում է, որ չէր պատկերացնում, թե երկրորդ անգամ կվերապրի Սումգայիթի սարսափը՝ այս անգամ Մոսկվայում: Ահավոր անհանգստացած է այն առիթով, որ երկար ժամանակ չի կարողանալու աշխատանքի դուրս գալ, իսկ ընտանիքին կերակրել է պետք:

Էրիկենց գործով նախաքննությունը դեռ շարունակվում է: Կան թվով յոթ կալանավորված, չնայած հարձակում գործած խումբը մոտ 30-նն է եղել: Էրիկը անհանգիստ է նաև այն առումով, որ չլինի թե հանցագործները կարողանան սպրդել, կամ թեթև պատժով ազատվել: Ասում է այդ պարագայում ինքը կհասնի մինչև Եվրոպայի մարդու իրավունքների դատարան՝ ապացուցելու համար, որ նրանք ոչ թէ խուլիգանություն են արել, այլ ազգային թշնամանքի դրդապատճառով՝ կանխամտածված սպանություն են ուզեցել իրականացնել:

Ըստ նրա, հանցագործ ոհմակը ոչ միայն պետք է պատժվի, այլ նաև փոխհատուցում տա պատճառած թե ֆիզիկական, թե բարոյական վնասի համար, չէ՞ որ հենց միայն ատամներս, եթե վերականգնեմ, ասում է Էրիկը, ահավոր մեծ գումարներ եմ ծախսելու, էլ չեմ խոսում այլ բաների մասին:

Այդ իսկ պատճառով, նա շատ է ցանկանում, որ իրենց գործով զբաղվող իրավաբանը՝ Նարեկ Կոստանյանը, կարողանա հասնել արդար վճռի և մաքսիմալ հատուցման: Էրիկը անհանգիստ է նաև իր և իր ընտանիքի անվտանգության համար:

Նա մեկ անգամ ևս հիշեց ու վերապատմեց իրենց գլխին եկածը: Սոցցանցերում գրում են, թե չէին կարող քշել-փախչել` ոհմակի ձեռքը չընկնել: Էրիկը ասում է՝ չէ չէինք կարող, քանի որ այդ պահին մեքենան լուսաֆորի տակ էր կանգնած , իսկ այդ հատվածի լուսաֆորը կարմիրը պահում է մոտ երկու րոպե: Ասում է, եթե քշեինք, ուրեմն հետիոտների մեծ հոսքի վրայով պետք է անցնեինք»:

Տեսանյութը ստորև