«Չեպե ա, որն ամբողջ կյանքում չես կարա մաքրես». կյանքը գերությունից վերադառնալուց հետո (Տեսանյութ)

«Չեպե ա, որն ամբողջ կյանքում չես կարա մաքրես». կյանքը գերությունից վերադառնալուց հետո (Տեսանյութ)

News.am-ը գրում է․ 39-ամյա Խաչիկ Հակոբյանը ադրբեջանական գերությունից վերադառնալուց 1 տարի անց դեռ առողջական խնդիրներ ունի, չի կարողանում հիմնական աշխատանք գտնել՝ 5 անչափահաս երեխաներին պահելու համար։

Խաչիկը Արարատի մարզի Ավշար գյուղից է, պայմանագրային զինծառայող է եղել, երբ պատերազմը սկսվել է։ Մարտի դաշտ է մեկնել հոկտեմբերի 23-ին, մարտերի մասնակցել Որոտանի (խմբ․ Կուբաթլու) շրջանում։ Հոկտեմբերի 25-ին նա մնացել է շրջափակման մեջ, մոտ 10 օր անց վիրավորում ստացել ու գերեվարվել ադրբեջանցիների կողմից։ Խաչիկը գերության մեջ դաժան ծեծի է ենթարկվել ամենօրյա ռեժիմով։

Պատերազմի ընթացքում երկու անգամ վերավորվելուց ստացած բեկորային վնասվածքներին գերության մեջ ծեծի հետեւանքով առողջական նոր խնդիրներ են ավելացել, այժմ ձախ ձեռքն ամբողջությամբ բարձրացնել չի կարողանում։

2020 թվականի դեկտեմբերի 14-ին Խաչիկը այլ զինծառայողների հետ վերադարձվել է հայրենիք։ Այստեղ նրան հաշմանդամության երրորդ կարգ են տվել, այժմ պետությունից 28 հազար դրամ թոշակ է ստանում։ Պաշտպանության նախարարությունը առայժմ հաշմանդամության նրա կարգը չի հաստատել, դրանից հետո Խաչիկը որպես աջակցությունի եւս 40 հազար դրամ գումար կստանա պետությունից։ 

Խաչիկն ամեն կերպ փորձում է սեփական ուժերով լուծել ընտանիքի ապրուստի խնդիրը, սակայն լուրջ դժվարություններ ունի ոչ միայն ֆիզիկական, այլեւ հոգեկան առողջությամբ պայմանավորված։ Արդեն մեկ տարի է՝ նա այցելում է հոգեբանի, մարմնի տարբեր հատվածներում դեռ բեկորներ են մնացել, որոնք դժվարացնում են նրա տեղաշարժը։

Խաչիկի ընտանիքին օգնել ցանկացողները կարող են մեզ հետ կապ հաստատել 093 84 89 04 հեռախոսահամարի միջոցով։

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում