Չեմ հավատում՝ Սերժ Սարգսյանին աթոռից քերած իշխանությունը չի կարողանում աթոռից քերել ինչ-որ Հրայր Թովմասյանի

Չեմ հավատում՝ Սերժ Սարգսյանին աթոռից քերած իշխանությունը չի կարողանում աթոռից քերել ինչ-որ Հրայր Թովմասյանի: Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձություններին, ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործին և այլ հարցերի:

«Քաղաքական դրդապատճառներով դատական իշխանության որևէ ներկայացուցչի հրաժարականի պահանջն աղերս չունի իրավական պետության հետ»,-հայտարարել է Թովմասյանն, ըստ էության, պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրեր առաջ  տված հարցազրույցին։

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի գործին, ապա ըստ Թովմասյանի՝ դա շարքային գործ է։ Թովմասյանը հայտարարել է, որ թեև խորհրդատվության համար կարծիք են հայցում ՄԻԵԴ-ից և Վենետիկից՝ երկրորդ նախագահի գործով, սակայն վերջնական որոշումը կայացնելու է Սահմանադրական դատարանը:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այդ հարցազրույցի ի հայտ գալը՝ այդ բովանդակությամբ ու ձևով ուներ միայն մեկ նպատակ՝ պատասխանել վարչապետ Նիկոլ Փաշինյանին.«Կար նաև սպառնալիք՝ քրեական հետապնդման։Կարող ենք ֆիքսել, որ դա ամբողջ նախկին համակարգի սպառնալիքն էր։ Այսօր Հրայր Թովմասյանը վաղուց Հրայր Թովմասյան չէ։ Նա խոսացող գլուխ է, պատրաստի կնիք և պոտենցիալ մահակ ինչ-ինչ մտադրությունների ենթադրյալ իրականացման նպատակով»։

Պատասխանելով մեր այն հարցին, թե արդյոք մեր իշխանությունների արձագանքն այս ամենին ադեկվատ է և համարժեք, Ռուբեն Մեհրաբյանն ասաց.«Ինձ համար գոնե զարմանալի  են այդ հակաքայլերը։ Իշխանության գլխավոր անելիքը այսօրվա ու ժամվա պետք է լինի մեկը՝ Հրայր Թորվմասյանի և նրա հետ այնտեղ աշխատող 6 կամ 7 այսպես կոչված ՍԴ անդամներին պետք է քերել այդ աթոռներից օր առաջ։ Թե ինչպես քերել՝ ես չգիտեմ, իրավաբան չեմ»։

Շարունակելով մեր զրուցակիցն ընդգծեց. «Հայաստանում մի դիվիզիա իրավաբան կա՝ այդ թվում նրանք, ովքեր մեր հաշվին բավականին բարձր վարձատրվում են, ընդ որում ոչ օրը 10.000 դրամ, ինչից դժգոհում էր հայտնի իջևանցին, այլ շատ ավելի բարձր, ուստի թող հավաքվեն ու որոշեն, թե ինչպես են քերելու։ Եթե գլուխները չեն կարողանա աշխատեցնել, թե ինչեպս՝ ուրեմն փոխե՛ք այդ իրավաբաններին ու ուրիշներին տվեք այդ գումարը։ Բայց ես չեմ կարծում, որ դա Հայաստանի օրենսդրությամբ անլուծելի խնդիր է։ Եվ երկրորդ՝ ես չեմ հավատում, որ Սերժ Սարգսյանին աթոռից քերած այսօրվա իշխանությունը չի կարողանում աթոռից քերել ինչ-որ Հրայր Թովմասյանի, որն էլ իր տեղում նստած դեռ մեծ-մեծ փրթում է»։

Աղբյուր՝ 1in.am