Ոստիկանությունը քրեական հեղինակությունների է բերման ենթարկել (Տեսանյութ)

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականի համաձայն՝ ոստիկանության մարզային ստորաբաժանումների ծառայողները հունիսի 29-ին ու 30-ին իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հասարակական կարգի պահպանության, երթևեկության անվտանգության բարձրացման, ինչպես և հանցագործություններն ու իրավախախտումները կանխելու և բացահայտելու նպատակով։

Բոլոր մարզերում ուժեղացված ծառայությանը ներգրավված են եղել ոչ միայն մարզային վարչությունների և տարածքային ստորաբաժանումների ծառայողները, այլև ճանապարհային ոստիկաններն ու պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակիցները։

Սկսենք Արարատի մարզից։ Այստեղ օպերատիվ տվյալների հիման վրա համապատասխան ստուգումներ են իրականացվել հանցավոր հեղինակություն համարվող 62 անձի բնակության հասցեներում։ Տարբեր կասկածանքներով Արտաշատի, Մասիսի և Արարատի բաժիններ բերման է ենթարկվել 43 անձ, այդ թվում՝ նախկինում մի քանի անգամ դատապարտված անձինք։

Երկօրյա ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 288 խախտում, որոնց փաստերով կազմվել են արձանագրություններ։ Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել մի քանի տասնյակ տրանսպորտային միջոց, որոնց վարորդները կոպիտ խախտումներ են թույլ տվել։ Արմավիրի ոստիկաններն էլ ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 61 խախտում։

Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխել 33 մեքենա, որոնցից 14-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ։ Տարբեր կասկածանքներով, ոստիկանության ծառայողների օրինական պահանջները չկատարելու, ինչպես և հասարակության մեջ ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու համար ոստիկանության Արմավիրի մարզային վարչության տարածքային բաժիններ բերման է ենթարկվել ու բերվել 326 անձ։

Շիրակի ոստիկաններն էլ տարբեր կասկածանքներով Մուշի, Կումայրիի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Ամասիայի և Ախուրյանի բաժիններ բերել ու բերման են ենթարկել ընդհանուր 180 անձի, որոնց թվում կան նախկինում դատապարտվածներ և 12 քրեական հեղինակություն։ Երկօրյա ուժեղացված ծառայությունը Շիրակում արդյունավետ էր նաև հանցագործությունների բացահայտման առումով։

Մուշի և Կումայրիի ոստիկանները բացահայտել են սառը զենք կրելու 1-ական դեպք, Ախուրյանի ոստիկանները՝ գողության, իսկ Աշոցքինը՝ ապօրինի թմրաշրջանառության, որոնց առանձին կանդրադառնանք։ Երկօրյա ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է նաև ճանապարհային երթևեկության կանոնների 165 խախտում, որոնց փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։

Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 24 մեքենա, որոնց վարորդներն իրենց գործողություններով վտանգել են երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը։

Կոտայքի մարզում իրականացրած երկօրյա ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման 45 դեպք, պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 9 տրանսպորտային միջոց։ Հրազդանի, Կոտայքի, Չարենցավանի, Նաիրիի բաժիններ բերվել ու բերման է ենթարկվել 30 անձ, այդ թվում՝ 3 քրեական հեղինակություն։ Կոտայքի բաժնի ոստիկաններն ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտել են գողության դեպք։

Տավուշի ոստիկաններն էլ հունիսի 29-ին ու 30-ին Իջևանի, Դիլիջանի, Տավուշի և Նոյեմբերյանի բաժիններ տարբեր կասկածանքներով բերել ու բերման են ենթարկել մի քանի տասնյակ անձի։ Բերման ենթարկվածներից մի քանիսը չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։ Որոշ դեպքերով հարուցվել է վարչական վարույթ։

Ճանապարհային ոստիկանության ու բաժինների ծառայողների կողմից պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 18 տրանսպորտային միջոց, կազմվել են արձանագրություններ։ Սյունիքի ոստիկաններն էլ հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 65 խախտում, որոնց փաստերով կազմել են արձանագրություններ։ Պրոֆիլակտիկ աշխատանքների իրականացման նպատակով Կապանի, Գորիսի, Մեղրիի և Սիսիանի բաժիններ բերվել ու բերման է ենթարկվել 30 անձ, այդ թվում՝ 2 քրեական հեղինակություն։

Տարբեր կասկածանքներով և ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու համար բաժիններ բերման են ենթարկվել մի խումբ անձինք։ Տեղափոխվենք Գեղարքունիք։ Այստեղ ևս տարբեր հանցագործությունների կասկածանքով Գավառի, Մարտունու, Վարդենիսի, Սևանի և Ճամբարակի բաժիններ բերվել ու բերման են ենթարկվել մի խումբ անձինք։

Բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության դեպք։ Ուժեղացված ծառայության ընթցաքում Գեղարքունիքի ոստիկանները ստուգել են 540 տրանսպորտային միջոց, որոնց վարորդնները կասկած են հարուցել։ Հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 123 խախտում, որոնց փաստերով կազմվել են արձանագրություններ։

Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել մի քանի տասնյակ մեքենա, այդ թվում՝ ապօրինի փայտանյութով բարձված մեկ բեռնատար։ Այս փաստով նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Դիլիջանի բաժին։ Աշտարակում, Ապարանում, Թալինում և Արագածոտնի մարզի այլ բնակավայրերում իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում մարզի ոստիկանները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 44 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել մի քանի տասնյակ մեքենա։ Վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվության։ Բաժիններ են բերվել ու բերման ենթարկվել մի խումբ անձինք, այդ թվում՝ քրեական հեղինակություններ։

Ուժեղացված ծառայության ընթացքում Աշտարակի ոստիկանները անձնական ունեցվածքի գողության դեպք են բացահայտել, կասկածյալներին բերման են ենթարկել ու հայտնաբերել գողոնը։ Վայոց ձորի ոստիկանները ևս իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 17 խախտում, մի քանի մեքենա էլ տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Տարածքային բաժիններ են հրավիրվել նախկինում դատապարտված մի խումբ անձինք, որոնց հետ տարվել են պրոֆիլակտիկ բնույթի աշխատանքներ։

Տեսաշարը եզրափակենք՝ անդրադառնալով Լոռու ոստիկանների աշխատանքին։ Ուժեղացված ծառայության ընթացքում Բազումի, Տարոնի, Գուգարքի, Տաշիրի, Սպիտակի, Ստեփանավանի, Թումանյանի բաժիններ բերվել ու բերման է ենթարկվել 130 անձ, այդ թվում՝ նախկինում դատապարտվածներ և 6 քրեական հեղինակություն։ Բերման ենթարկվածների թվում կան անձինք, որոնք չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին և դրսևորել են ոչ իրավաչափ վարքագիծ։

Որոշ դեպքերով հարուցվել է վարչական վարույթ։ Երկօրյա ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտվել է 7 հանցագործություն, հայտնաբերվել՝ 2 հետախուզվող։ Ճանպարհային երթևեկության կանոնների տարբեր խախտումների փաստերով կազմվել է 143 արձանագրություն, պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 18 մեքենա։ Ամփոփելով արձանագրենք, որ հունիսի 29-ին ու 30-ին մարզերում իրականացված ուժեղացված ծառայության արդյունքում ոստիկանները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների շուրջ 970 խախտում, բաժիններ է բերվել ու բերման ենթարկվել շուրջ 820 անձ։

Միայն ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտվել է 20-ից ավելի հանցագործություն։ Հասարակական անվտանգությամբ մտահոգ՝ ոստիկանության ծառայողները, Վալերիյ Օսիպյանի հանձնարարականի համաձայն, մշտապես իրականացնելու են ուժեղացված նմանօրինակ ծառայություններ՝ հսկողության տակ պահելով բոլոր օրինախախտներին։