Ոստիկանության ծառայողը Kia Sorento-ով մխրճվել է հսկայական քարեր տեղափոխող КамАЗ-ի մեջ. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Ոստիկանության ծառայողը Kia Sorento-ով մխրճվել է հսկայական քարեր տեղափոխող КамАЗ-ի մեջ. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:45-ի սահմաններում Kia Sorento մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս, մխրճվել է ապառաժ քարեր տեղափոխող КамАЗ մակնիշի ավտոմեքենայի հետնամասի մեջ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Kia-ի վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացիների և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդանի հրշեջ-փրկարարների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Հրազդան» բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորին հիվանդանոց է ուղեկցել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանը:

Աղբյուրի տեղեկություններով՝ Kia-ի վարորդը աշխատում է ոստիկանության Հրազդանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում՝ որպես համայնքային ոստիկան։