ՄամուլՔաղաքականություն

«Ոչ ափալ-թափալ, բայց ամենակարճ ժամկետներում պետք է տեղի ունենան արտահերթ ընտրություններ». Փաշինյան

Երեկ Փաշինյանը իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ ինչպես իր ու Ալիևի պայմանավորվածությանը, նաև արտահերթ խորհրդարնական ընտրություններ անցկացնելու հարցին:

«Ընդհանուր առմամբ գոհ եմ այս այցերից, և ինչպես պայմանավորվել ենք՝ արդեն վաղվանից կսկսենք զբաղվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար բանակցություններ, քննարկումներ սկսելով: Խորհրդարանական ուժերի հետ պետք է ընտրությունների թեմայով քննարկումներ ունենանք, ես հույս ունեմ, որ մենք կգանք համաձայնության:

Երևանի ավագանու ընտրություններում դրված էր արտահերթ խորհրդարանական ընտրություններին կողմ կամ դեմ լինելու հարցը, և «Իմ քայլը» դաշինքը 81 տոկոս ձայն հավաքելով՝ ցույց տվեց, որ Հայաստանի հանրությունը հստակ պահանջ է ձևավորում անցկացման համար:

Արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան հնարավորինս արագ, որովհետև, ըստ էության, ողջ միջազգային հանրության, ներդրողների համար այդ հանգամանքը կարևոր է, որպեսզի համոզվեն, որ կարող են գոնե միջնաժամկետ ներդրումային ծրագրեր իրականացնել:

Եթե կասկածներ կհնչեն հանրության, ժողովրդի տեսակետի վերաբերյալ, կարծում եմ, որ մենք կմտածենք նաև այդ մասին, թե ինչպես ավելի լայն մասշտաբներով ճշտենք այդ տեսակետը, սակայն արդեն եղած փաստերը բավարար են, որպեսզի պնդենք, որ ոչ ափալ-թափալ, բայց ամենակարճ ժամկետներում պետք է տեղի ունենան արտահերթ ընտրություններ, որպեսզի հետհեղափոխական ժամկետը հաղթահարենք, ու երկրի զարգացման հարցերը լինեն մեր օրակարգում»:

Կիսվեք էջում