«Ոնց որ էս Ազգային ժողովը սրտի փոխանակման ինստիտուտ լինի, չի լինի՝ չի լինի». ՄԱՊ-ի Ալիկ «Առավոտ»

«Բացարձակ զրո»,- այսօր այսպես լրագրողների հետ ՀՀԿ պատգմավոր Ալեքսան Պետրոսյանը՝ ՄԱՊ-ի Ալիկը հերքեց, որ իրենց ընտրատարածքում՝ Արմավիրում որեւէ խնդիր կա: Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք մյուս թեկնածուների միջեւ վեճը, ծեծկռտուքը՝ նա պատասխանեց, որ իրեն չի հետաքրքրում դա, չի կարող մեկնաբանել. «Ես Արմավիրի մարզում ընտրարշավո՞վ զբաղվեմ, թե՞ ՀՀ-ում ով ինչով է զբաղվում:

Ամեն մարդ իր խնդիրները պետք է լուծի»: Հարցին՝ դուք վստա՞հ եք ձեզ վրա՝ նա պատասխանեց. «Ոչ թե վստահ եմ, ես շատ հանգիստ եմ: Այնպես չի, որ մահու հարց է, ի՞նչ է եղել չընտրվեմ, կյանք է, էլի»: Նա ասաց, որ եթե չընտրվի, իր սիրած աշխատանքով է զբաղվելու՝ խաղողագործությամբ: Իսկ եթե ընտրվեց, ամեն ինչ անելու է, որ գյուղացու հոգսը թեթեւացնի:

Նա ներկայացրեց հողագործների խնդիրները, խոստացավ, որ ամեն ինչ պիտի անեն, որ Արմավիրի մարզում այն ամենի պատճառով, ինչի համար մարդիկ գնացել են այլ երկիր, այդ խնդիրները վերացնեն. «Ինչի համար գնացել են այլ երկիր, այդ առավելությունները պետք է բերվի մեր մարզ»: Մեր հարցին՝ ընդդիմությունը բողոքում է, որ լծակներ չունենք, որ մեր ծրագրերն իրականացնենք, բայց դուք էլ հո իշխանություն եք եղել, ինչպես գեներալն է ասում՝ չագուչն էլ է ձեր ձեռքը, մեխն էլ, ի՞նչն է խանգարել, որ նախորդ տարիներին այդ ամենն անեիք՝ Ալեքսան Պետրոսյանը պատասխանեց. «Դուք այնպես բարդ հարց եք տալիս, մենք անցնում ենք երկրի կառավարման նոր սիստեմի՝ ԱԺ-ն է ընտրում վարչապետ, որը պիտի ղեկավարի երկիրը:

Ազգային ժողովը, պատկերացնո՞ւմ եք: Ինչքան մեծ է լինելու ԱԺ-ի դերը, մենք այնքան ուժեղ կառավարություն կունենանք: Կառավարությունը ԱԺ-ի ազդեցության տակ է լինելու, հիմա այդպես չի, չէ՞»: Մեր դիտարկմանը, որ ԱԺ-ն լուրջ վերահսկողական լծակներ ուներ կառավարության վրա՝ Ալեքսան Պետրոսյանը պատասխանեց. «Էլի վերահսկող է, բայց հո տենց չի: Իմիջիայլոց, կներեք, էլի, ոնց բացատրեմ…ուրիշ բան է, երբ որ դու ես ընտրում, ուրիշ բան է, երբ նշանակում են, դու իր հետ աշխատում ես: Հիմա վարչապետ նշանակում են, մենք աշխատում ենք հետը, ուրիշ բան մենք ընտրենք նրան: Լավ չաշխատի՝ կփոխենք»:

Խոսելով ՀՀԿ-ականների կողմից ընտրակաշառքի բաժանման ահազանգերի մասին՝ ՀՀԿ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանն ասաց. «Բարեգործությունը միշտ եղել է եւ լինելու է, դա չի կարող համարվել ընտրակաշառք, եթե համընկնում է ընտրությունների հետ»: Հարցին՝ եթե չընտրվեք, խանդի տեսարաններ, հարաբերությունների վատացում ՀՀԿ-ական ձեր գործընկերների հետ կլինե՞ն՝ նա պատասխանեց. «Նախ, տղամարդը ամոթ է, որ խանդի տեսարան սարքի, խանդն ընդհանրապես կնոջ հատկանիշներից է, իսկ եթե կսարքի, թող սարքի, հիմա ես ի՞նչ անեմ: Խի՞ պիտի հարաբերությունների սրում լինի: Ես կանցնեմ, չեմ անցնի, ի՞նչ կա որ, կյանք է, այ մարդ: Դուք էնպես եք նայում, ոնց որ էս Ազգային ժողովը սրտի փոխանակման ինստիտուտ լինի, բա որ հանկարծ սիրտը չդիմանա: Դե հա, հիմա չի լինի՝ չի լինի»:


Նյութի սկզբնաղբյուր` aravot.am

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...